Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ յուրաքանչյուր ծրագրի իրականացման գրավչությունը որոշում է մասնակիցը, իսկ ինքը չի կարող գնահատական տալ:
«Իմ այն գործընկերները, որոնք որոշակի քննարկումներ ունեցել են այս 50 ծրագրերի ուսումնասիրությանը, ասում են, որ հետաքրքիր բաներ կան: Հարկային փոփոխություններն արվում են եւ վարչարարական եւ քաղաքական ուղղություններով: Վարչարարական ուղղությամբ փոփոխությունները նշանակում են, որ պայմանները լինելու են բոլորի համար հավասար, կանոնները լինեն պարզ եւ արհեստական խոչընդոտներ չստեղծեն բիզնեսի համար: Հարկային դրույքաչափերը էական խոչընդոտ չեն, որովհետեւ հայաստանյան հարկային դրույքաչափերը բարձր չեն միջազգային համեմատություններում: Նախատեսվում են փոփոխություններ, որոնք էլ ավելի բարենպաստ պայմաններ կապահովեն: Միկրոբիզնեսն ազատվում է հարկերից, եկամտային հարկն ու շահութահարկը կիջնեն, ինչը նշանակում է, որ ներդրումները Հայաստանում լինելու են ավելի գրավիչ եւ ավելի արագ են թույլ տալու, որ այդ ներդրումները հատուցվեն եւ ապահովեն սպասված շահույթներ»,-ասաց նախարարը:
Նա հավաստիացրեց, որ եթե լինում են գործարարներ, որոնք ունեն կոնկրետ հարցեր, իրենք քննարկում են. «8-ի փոխարեն աշխատում ենք 12 եւ ավելի ժամ, բայց երբեմն դա էլ չի բավականացնում բոլոր հարցերին արձագանքելու համար: Որեւէ հարց անարձագանք չի մնում: Եթե ոչ այսօր, վաղը ժամանակ գտնում ենք այդ հանդիպումների համար»:
0Comments