2 անուն է շրջանառվում. Պայքար ՔՊ-ականների միջև. ովքեր են հավակնում էկոնոմիկայի նախարարի պաշտոնին

Մանրամասներ
քպ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Երեկ արդեն տեղեկություն տարածվեց առ այն, որ վերջինս գտնվում է Քննչական կոմիտեում և նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու հոդվածով: Քերոբյանի հրաժարականից հետո ամենաինտրիգային հարցը թերևս այն է, թե ով է զբաղեցնելու նախարարի պաշտոնը: Այս պահի դրությամբ երկու անուն է շրջանառվում՝ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի և Գևորգ Պապոյանի թեկնածությունները: Երկուսն էլ վերջին շրջանում ակտիվ էին ոլորտային նախագծեր ներկայացնելու հարցում, իսկ Թունյան-Քերոբյան հեռակա հակամարտությունն արահայտվում էր նաև հրապարակային կերպով:

Օրինակ, գրառումներից մեկում Քերոբյանը նշել էր, որ Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի: Թունյանն իր հերթին հարցազրույցներից մեկում կասկածի տակ էր առել նախարարի այս պնդումը: ««Վերածվել է շինհրապարակի»՝ այդ ձեւակերպման մեջ ես չեմ ուզում խորանալ, բայց ակնհայտորեն անցած տարվա համեմատ մենք ունենք տնտեսական ցուցանիշների բարելավում»,- ասել էր Թունյանը: Ինչ վերաբերում է ներդրումների հոսքին՝ Թունյանն ասաց, որ ներդրումների վիճակագրություն չի հրապարակվել ու չի կարող ասել, թե ինչպես են տվյալները փոխվել: Մինչդեռ Քերոբյանը հայտարարում էր, որ ներդրումները հորդում են:

Թունյանն ու Քերոբյանը հակադիր կարծիքներ ունեին նաև տխրահռչակ կլինկերի հարցում:  ԱԺ-ում Թունյանը հայտարարել էր հետևյալը՝ դիմելով նախարարին: «Դուք հաշվարկ եք արել և ասում եք, որ կլինկերից ցեմենտ ստանալու արտադրական ծախսը կազմում է 1 տ համար 2500 դրամ: Կլինկերից ցեմենտ ստացող ընկերությունը մեզ տրամադրել է թվեր, ըստ որոնց կլինկերից ցեմենտ ստանալու համար ծախսվում է 7000 դրամ: Կա՛մ Ձեր հաշվարկն է սխալ, կա՛մ իրենք խաբում են»: Այսպիսով Թունյանը հերթական անգամ կասկածի տակ էր առնում Քերոբյանի հաշվարկները և առաջ քաշած թեզերը:

Իր հերթին ակտիվություն էր դրսևորում նաև Պապոյանը:  Նրա հեղինակած նախագիծն իսկական բունտ է առաջացրել կառուցապատողների շրջանում: Պատգամավորն առաջարկում է հետևյալը՝ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է ԱԺ-ում: Թեև ինքը՝ Պապոյանը, հայտարարել է, որ իր հետ նախարարի պաշտոնը զբաղեցնելու հարցը չի քննարկվել, սակայն նա այս պահի դրությամբ շարունակում է մնալ երկու ամենահավանական թեկնածուներից մեկը: Ընդ որում, պետք է նշել, որ այստեղ ևս մեկ հավելյալ ինտրիգ կա, դիցուք՝ Պապոյանը ԶԼՄ-ի կողմից դասվում է այսպես կոչված՝ սորոսական շրջանակներին և հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանը կգնա ևս մեկ ռևերանսի Արևմուտքին և կհաստատի նրա թեկնածությունը, թե, ամեն դեպքում, կընտրի առավել բալանսավորված տարբերակ:

Աղբյուր