Մինչեւ 2 միլիոն դրամ վաստակելու հնարավորություն․ BBC-ի «Թույլ օղակ» նախագիծը գալիս է Հայաստան

Մանրամասներ
«Թույլ օղակ»

BBC-ի «Թույլ օղակ» միջազգային նախագիծը շուտով կլինի Առաջին ալիքի եթերում։ Սիրված ինտելեկտուալ հաղորդաշարը հայ հեռուստադիտողին, հատկապես, հայտնի է ռուսական տարբերակով՝ «Слабое звено», որը երկար տարիներ վարում էր Մարիա Կիսելյովան։ Թե ով է լինելու հայկական տարբերակի հաղորդավարը, առայժմ մնում է ինտրիգային հարց, Հանրային հեռուստաընկերությունը հաղորդավարի անունը կբացահայտի առաջիկայում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը նշեց, որ հայտնի նախագծի իրավունքները հաջողվել է ձեռք բերել տեւական բանակցություններից հետո։ 

«Կարծում եմ՝ այս ձեւաչափը հայտնի է հեռուստադիտողներին, շատերի մոտ կարող է, նույնիսկ, ջերմ հիշողություններ առաջացնել։ Այս խաղի ամենակարեւոր հետաքրքրությունը նրանում է, որ ցանկացած մարդ` անկախ զբաղմունքից, կարող է դիմել նախագծին եւ հենց դրա շրջանակում փորձել իր ինտելեկտուալ հնարավորություններն ու վաստակել բավականին մեծ գումար»։ 

Պրոդյուսերը կարծում է՝ հայկական եթերում նմանաատիպ նախագիծ ունենալը կարեւոր է, քանի որ այն ոչ միայն ապահովում է ինտելեկտուալ ժամանց, այլեւ կարող է հետուստադիտողին դարձնել խաղի անմիջական մասնակից․ «Շատ կարեւոր է, որ մեր հեռուստադիտողները նման ինտելեկտուալ ժանրի ձեւաչափ կարողանան դիտել մեր եթերում, բացի այդ՝ հնարավորություն ունենան նաեւ մասնակցելու դրան։ Այս նախագիծը, վստահորեն, Հանրային հեռուստաընկերության գարնանային եթերաշրջանում կգտնի իր ուրույն տեղն ու հեռուստադիտողին»։ 

Առաջին ալիքն արդեն սկսել է հայտերի ընդունումը՝ 1tv.am կայքում։ 

Դիմել կարող են 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները: Յուրաքանչյուր հաղորդման ընթացքում 8 մասնակիցներից միայն մեկը ինտելեկտուալ եւ համառ պայքարում մինչեւ 2 միլիոն դրամ հաղթելու հնարավորություն կունենա։ Հայտերն ուղարկելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: