Մենք առավել բարդ իրավիճակում ենք, քանի 44 օրյայի ժամանակ․ Ալեն Ղևոնդյան

Մանրամասներ
ալեն ղևոնդյան

Ասում են HSBC-ն ՀՀ-ից գնում է:

Շահույթ ունեցող կառույցը լքում է ՀՀ-ն, հետաքրքիր է ինչու:

Ի դեպ, բրիտանական ու արևմտյան ամեն բան՝ լինի դա տնտեսական, սոցիալական, տեխնիկական, բարեգործական, կրթական պրոյեկտներ, առաջին հերթին դրանք քաղաքական ու ռազմաքաղաքական են. ու դա միայն խոսում է այդ պետության/ների խորքային ու արդյունավետ լինելու մասին:

Բայց գրառումս մի քիչ այլ բանի մասին է. ոչ հեռու անցյալում ՀՀ-ի իշխանությունները Հայ-բրիտանական բարեկամության հանձաժողովների օրակագ էին առաջ տանում, ինչ-որ դեսպանությունների նոր շենքեր գնում և այլն...

Ավելին՝ ՀՀ արտաքին հետախուզության նորանշանակ տնօրենը կարծես հենց այնտեղ է վերապատրաստվել, իսկ նման վերապատրաստումը լուրջ բան է, դա առաջին հերթին քաղաքական որոշում է, արտաքին քաղաքական կողմնորոշում, դա միշտ ավելին է, քան զուտ հմտությունները... ավել բան չգրեմ... թե ում համար է այդ կառույցը միգուցե աշխատելու... և հատկապես ում դեմ:

Հիմա էդ դեպքում ինչպես է ստացվում, որ այդքան բարեկամական երկրից HSBC-ն գնում է...

Միգուցե բրիտանական բանկը դուրս է գալիս ՀՀ-ից քանի որ լավ հասկանում է, որ ռազմական գործողությունների վայրում շահույթ չի կարող ապահովել այս փուլում... հավանաբար առաջիկայում կիմանանք...

Երբ վերոգրյալը դիտարկում ես պատմական կոնտեքստով, ապա պարզ է դառնում, որ մենք նման վիճակում մեկ անգամ արդեն եղել ենք, ոչ հեռու անցյալում, երբ 20-րդ դարասկզբին Մ.Բրիտանիա Կովկասում ՀՀ առաջին հանրապետության դաշնակիցն էր: Ի դեպ, հիշու՞մ եք, թե նաև հայ-բրիտանական դաշնակցային հարաբերությունների ու բարեկամության արդյունքում ինչ մնաց առաջին հանրապետությունից: Ես լավ եմ հիշում:

Բրիտանական փափուկ ուժը ՀՀ-ում ինստիտուցիոնալ է աշխատում, ու շատ ակտիվ, բայց ոչ բրիտների, այլ «ինքնիշխանության» ու «անկախության» (այլա «հպարտ մենակ»-ի թեզը, որ նույն մարդիկ առաջ էին տանում նաև 44-օրյայի ժամանակ՝ երեկոները ԱԽ-ում քարտուղարին խոհուրդներ տալով) ականջահաճո օրակարգեր առաջ տանելով՝ ստեղծում վտանգավոր նարատիվներ:

ՀՀ երրորդ հանրապետության լուծարումը և միֆական 4-րդ հանրապետության՝ իբր ստեղծումը ճակատագրական է լինելու հայկական պետականության գոյության հեռանկարի համար: Դու կարող ես չեղարկել Երրորդը ու չհասցնել ստեղծել Չորրորդը: Այլ սցենարներ ևս կան:

Ի դեպ, չմոռանանք ո՞վ և ինչու՞ առաջին անգամ խոսեց 4-րդ հարպետություն ստեղծելու մասին, ո՞վ էր նա, ո՞ր երկրում էր ապրում, ի՞նչ առաքելությամբ եկավ/բերվեց ՀՀ և ինչպես և երբ հեռացավ. հեռացավ, երբ ամեն բան մեծ հաշվով արդեն արված էր:

Ամենից վատը այն է, որ մենք կենսունակության զրոյական շեմի պարագայում ենք հայտնվելու ու գոյության իրավունքի համար մուրացիկի դիրքերից ենք դիմելու ռեգիոնալ ուժերից որոշներին. ու ցավոք, բայց արդարացիորեն, նրանք մեզ վերաբերվելու են հենց այնպես, ինչպես մենք ենք մեզ պահել հենց իրենց հետ, ինչպես նաև ինչպես մենք ենք մեզ դիրքավորել որպես ոչ սուբյեկտ ռեգիոնում մեր հետ կապված հարցերում:

Կենցաղում և ցանցերում, իհարկե, մեք սկսելու ենք արդարություն փնտրել, աշխարհը անիծել, մեզ այս կամ այն կերպ օգնող երկրներին հայհոյել, նրանց ձեռագիրը փորձել տեսնել այդ ամենում, ու ամեն ջանք գործադրել դա գտնելու մեջ, բայց մի կարևոր առանձնահատկությամբ՝ մենք երբեք մեզ չենք փորձելու տեսնել ու ինքներս մեզ գտնել, քննադատել այդ ամենի մեջ, ու գոնե 1 տոկոս հետևություններ անել եղածից:

Կարծում եմ մենք առավել բարդ իրավիճակում ենք, քանի 44 օրյայի ժամանակ:

Էսքանը:

Հ.Գ.

Ի դեպ, տեղյակ եմ որ բանկը ֆրանչայզինգ էր, բայց դա դեր չի խաղում, քանի որ գործում էր բրիտ անվան տակ, ու շահույթով, նույն հարցադրումները այս պարագայում էլ նույն ակտուալության են. սա որպես ծանոթագրություն:

Ալեն Ղևոնդյան