Նախատեսվում է կիրառել համաներում մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար

«Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար նախատեսվում է կիրառել համաներում:

Մասնավորապես, նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թ. օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թ. հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց ազատել պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվել է պետական տուրքի մայր գումարը: