«Պուտինը գիշատիչ է, որը չի բավարարվում սառեցված մթերքով». Զելենսկու

Մանրամասներ
զելենսկի

Վլադիմիր Պուտինի ռեժիմը ​​կառուցված է պատերազմի վրա, և այն հնարավոր է հաղթահարել` միայն դադարեցնելով պատերազմների շարքը, որոնք նա սանձազերծում է մեկը մյուսի հետևից։ Իսկ դրա համար անհրաժեշտ է թույլ չտալ, որ Ուկրաինայում հակամարտությունը սառեցվի։

Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ։

«Պուտինը պատերազմի մարմնավորումն է»,- ասել է Զելենսկին այն բանից հետո, երբ WEF-ի հիմնադիր Քլաուս Շվաբը շնորհակալություն է հայտնել իրեն և յուրաքանչյուր ուկրաինացու այն վճռականության համար, որով նրանք դիմակայում են ռուսական ագրեսիային:

Ռուսաստանի առաջնորդը չի փոխվի, աշխարհը պետք է փոխվի, կարծում է Զելենսկին. «Փոխվել, որպեսզի այս մարդու խելագարությունը գլուխ չբարձրացնի։ Պատերազմի տևողության մասին հարցին նրա պատասխանը միշտ պատերազմն է։ Խաղաղության կոչերին նրա պատասխանն ավելի ու ավելի շատ զենք ներկրումն է Հյուսիսային Կորեայից և Իրանից»:
Ըստ Զելենսկու՝ թույլ տված սխալները 2014 թվականից հետո չեն կարող կրկնվել. այս տարի չպետք է լինի հակամարտությունը սառեցնելու տարի, քանի որ այդ դեպքում հակամարտությունը միայն կբորբոքվի. «Պուտինը գիշատիչ է, որը չի բավարարվում սառեցված մթերքով»:

Հարկավոր է պաշտպանվել հենց հիմա, կոչ է անում նա. դրա համար անհրաժեշտ է Ուկրաինային տրամադրել հեռահար հրթիռներ, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր և սարքավորումներ, որոնք թույլ կտան «ապահովել օդային գերակայությունը այնպես, ինչպես մենք ապահովեցինք գերազանցությունը Սև ծովում»։

«Եվրոպական ո՞ր երկիրն ունի պատերազմին նույնքան պատրաստ բանակ, որքան մեր բանակն է»,- Զելենսկին դիմել է ներկաներին՝ հասկացնելով, որ մյուս երկրները պետք է աջակցեն Ուկրաինային, եթե ապագայում չեն ցանկանում դիմակայել ռուսական ագրեսիային։ «Նրանցից ո՞վ է պատրաստ իր տղամարդկանց ու կանանց ուղարկել այլ երկիր պաշտպանելու։ Ավելի լավ չի՞ լինի կանգնեցնել նրան և վերջ դնել նրա ռազմական ռազմավարությանը, երբ մեր տղամարդիկ և կանայք արդեն դա անում են»:

Ռուսաստանի Դաշնության նախագահը, նրա ընկերներն ու համախոհները «հասկանում են փողի լեզուն», և եկամուտների կորուստը կարող է նրանց ավելի հարմարվող դարձնել պատերազմն ավարտելու հարցում, կարծում է Զելենսկին։

«Մենք պետք է ապահովենք, որ նա պարտվի, մենք պետք է հերքենք այն միտքը, որ գլոբալ միասնությունն ավելի թույլ է, քան մեկ անձի ատելությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։