Նորատուսցիների ու ջրային պարեկների միջև բախում է եղել, գյուղում արտակարգ վիճակ է

Մանրամասներ
ջրային պարեկ

24News-ի տեղեկություններով՝ այս պահին լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում։

Ցերեկը ջրային պարեկների ու գյուղացիների միջև ծեծկռտուք է եղել այն բանից հետո, երբ նորատուսցիները փորձել են Սևանում ձուկ բռնել։ Առավոտից ոստիկանության ներքին զորքերի անձնակազմը հերթապահում է գյուղում: 

Տեղեկություններ կան, որ գյուղացիները պատրաստվում են Սևան-Երևան մայրուղին փակել, այդ իսկ պատճառով էլ ոստիկանները գյուղից չեն հեռանում, կուտակում են նոր ուժեր։ 

24News-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, վերջինս հերքեց, թե որևէ միջադեպ է տեղի ունեցել․
«Ոչ մի պարեկայինի չեն ծեծել, ոստիկանությունն էլ գյուղում չէ»,- ասաց մարզպետը:

Տեղի ունեցած միջադեպի հետ կապված կապ ենք հաստատել ՆԳՆ ոստիկանություն, որտեղից հայտնեցին, թե. 
«Ոստիկանությունը հասարակական կարգ է պահպանում, ջրային պարեկները հետևում են նաև ձկնորսության արգելքի պահպանմանը»,- ասաց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը` հրաժարվելով տալ այլ տեղեկատվություն։