Նախընտրեցին պատվազրկումը՝ հայտնվելով Բաքվի բանտերում, քան իշխանությունը հանձնել Սամվել Բաբայանին. Խանումյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

7 պատգամավորով կարելի է դիմել Գերագույն դատարան, որպեսզի նա կարծիք հայտնի Արցախը լուծարելու մասին նախագահի հրամանագրի օրինականության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը:

«Դրա համար  անհրաժեշտ է գոնե հրամանագրի պատճենն ունենալ: Կարծեմ պատգամավորները դրիմել են նախագահի աշխատակազմ՝ պատճենը ստանալու համար»,-ասաց նա:

Հայկ Խանումյանը հավանական չի համարում, որ այդ հրամանագրի շուրջ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ քննարկումներ եղել են. «Նույնիսկ ռիսկ չարեցին այդ քննարկողները, դա քննարկել Արցախի բոլոր քաղաքական ուժերի հետ, գոնե խորհրդարանում: Խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարին նույնիսկ վախեցան Անվտանգության խորհրդի նիստին հրավիրել: Եթե Արցախի քաղաքական ուժերի, այդ թվում ԱԺ-ում երկրորդ ուժի հետ չեն քննարկել, ինչպե՞ս են ասում, թե ընդհանուր քննարկման են դրել, սրա-նրա հետ են քննարկել եւ այլն: Փաստորեն, մի քանի հոգով նստել են, նախկին նախագահներով, իրենց սպասարկող քաղաքական ուժերով այդ որոշումը կայացրել են, գնացել առաջ»,-ասաց Խանումյանը:

Դիտարկմանը, որ ինքը միշտ հայտարարել է, որ Սամվել Բաբայանից վախենում են, ինչի՞ց են վախենում, Խանումյանն ասաց. «Չգիտեմ, որովհետեւ տարիներ շարունակ այդ մարդու մասին միֆեր, լեգենդներ ու հակալեգենդներ են ստեղծել եւ ստեղծողներն այն մարդիկ են, որոնք իրենց ստեղծած լեգենդներից սկսել են վախենալ: Վախենում են ունեզրկումից, որովհետեւ ունեզրկում լինելու էր: Բայց մարդիկ ընտրեցին թե ունեզրկումը, թե պատվազրկումը, այդ թվում պատվազրկեցին ողջ հայությանը՝ հայտնվելով Բաքվի բանտերում, քան իշխանությունը հանձնել մարդու, ով պատրաստ էր այդ պատասխանատվությունը, այդ բեռը վերցնել ու գնալ առաջ, ինչպես 1992-ի օգոստոսին է արել»,-ասաց Խանումյանը: