Հայաստանի խուլերի միավորման անդամները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պնդրում են, որ միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանը կեղծարարությամբ է ընտրվել և կեղծարարություններով է զբաղվում։
Բողոքը պայմանավորված է այն հանգամանքով, որ ոմն Անուշ Մկրտչյանի անունով դիմում է ներկայացվել, թե իբր տեղի է ունեցել Հայաստանի խուլերի միավորման արտահերթ համագումար. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ներկայիս նախագահ Մարինե Հարությունյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը:
Նա նշեց, որ ըստ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի նախագահ Մարինե Հարությունյանի, որևէ արտահերթ համագումար տեղի չէր կարող ունենալ, տեղի է ունեցել, ինչի վերաբերյալ ՀՀ ոստիկանություն արդեն իսկ իրենց կողմից հաղորդում է տրվել, և համապատասխան հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում:
«Այսօր ներկայացել ենք լսումներին, որպեսզի հասկանանք՝ ինչ հարց ու խնդիր է առաջացել, որովհետև Հայաստանի խուլերի միավորումը, գործադիր մարմնի փոփոխության վերաբերյալ արտահերթ համագումար չի հրավիրել, սակայն ներկայացրել է համապատասխան նիստի արձանագրություն»,- նշեց նա և հավելեց, որ այսօրվա լսումների արդյունքում պարզ կլինի, թե ինչ անճշտություն է առաջացել:
Նշենք, որ լսումներին պետք է մասնակցեր նաև ՀԿ-ի նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, սակայն վերջինս փաստաբանի հետ հեռացավ այդտեղից:
ՀԿ-ի ներկայիս նախագահ Մարինե Հովսեփյանը լրագրողներին ասաց, որ Գրիգորյանը չէր կարող արտահերթ համագումար անել և ինքն էլ ասաց, որ դիմել են ոստիկանություն:
«Մեր պահանջն է, որ նա հանգիստ թողնի խուլերին, Խուլերը չեն ուզում՝ նա նախագահ լինի: Պարզ երևում է՝ մեկ օրվա մեջ հնարավոր չէ, որ արտահերթ անեն ու նախագահ դնեն ու պետռեգիստրում էլ ներկայացնեն»,- ասաց Հարությունյանը:
Միության անդամներից Իգոր Հովսեփյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Խնդրում եմ՝ այս մարդուն (նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին նկատի ունի /խմբ./) մեկուսացրեք, մենք բոլորս հանգստանանք: Սա երկար պատմություն է, 4 տարի է տևել, ոչ ոք մեզ չի աջակցել: Ասում են՝ հասարակական կազմակերպություն է, ինչ ուզում եք, արեք, օրենքով շարժվեք. շարժվել ենք ու հասել այս վիճակին: Տաս տարի որպես նախագահ է եղել, բայց ինքը մեզ նախագահ չի եղել, իրենով է զբաղվել, մեր մասին չի մտածել: 10 տարվա մեջ խուլերի կոմբինատն է 60 տոկոս սեփականացրել, մեզ անտարբերության է մատնել: Այսօր պարզվեց 100 տոկոսն է իրենով արել, նա մեր մասին մտածողը չէ, մենք չենք ուզում այսպիսի նախագահ: Մենք իրավունք ունենք նոր նախագահ ընտրել ու ընտրել ենք տիկին Հարությունյան Մարինեին»,- ասաց Իգոր Հովսեփյանը:
Նրանք ցույց տվեցին փաստաթղթեր, ըստ որոնց՝ Գրիգորյանը խուլերի կոմբինատը դարձրել է իր սեփականությունը: «Նրա հետ հնարավոր չէ խոսել, նրա վրա դատական գործեր կան հարուցված: Թե ինչպես է կարողացել սեփականաշնորհել կոմբինատը, չգիտենք: Մեկ անգամ ՀԿ-ից համակարգիչներ էր տանում, հարցրեցինք՝ ինչո՞ւ է տանում, ասաց՝ նախագահ եմ ու իրավունք ունեմ տանելու»,- պատմեց Հարությունյանը
Այս պահին ընթանում են լսումները:
0Comments