«Լիդերին սպասելիս». Ստեփան Դանիելյան

Մանրամասներ
ստեփան դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լիդերին սպասելիս

Ներկայիս Հայաստանի քաղաքական խոսույթում շատ է շեշտվում լիդերի, այսինքն փրկչի, անհրաժեշտությունը։

Ցանկացած շարժում նախաձեռնելիս դրվում է հիմնական հարցը, իսկ ով է լիդերը։

Փորձենք հասկանալ, թե որտեղից է գալիս լիդերի` փրկչի գաղափարը և արդյոք լիդեր-փրկիչի գալուստը հիմնավոր է, թե ոչ։

Հայկական մենթալիտետում կա Փրկչի մի քանի արքետիպեր։ Նախ քրիստոնեական արքետիպը` Հիսուս Քրիստոսը։

Հիսուսը` եբրայերեն Եխոշուա է, ունի երկու արմատ' Եհովա և Շուա։ Շուան նշանակում է փրկություն, այսինքն` Եհովայի Փրկություն, իսկ Քրիստոսը հունարեն նշանակում է Օծված, բառացի թարգմանվել է հրեական Մոշիախից` Մեսիաից, որը նույն իմաստն ունի, այսինքն անձ, ով օծվել է Աստծո կողմից և հատուկ առաքելությամբ ուղարկվել է մարդկանց մոտ։

Հասկանալի է, որ մեր ենթագիտակցության մեջ իր հատուկ տեղն ունի քրիստոնեական փրկչի գաղափարը, սակայն Հիսուսի արքետիպն ունի էսխատոլոգիական (հունարեն բառացի նշանակում է «վերջնական խոսք») բովանդակություն, այսինքն մարդկության փրկելու իմաստ, միստիկ հիմքի վրա։ Այս առումով Հայաստանի ժողովուրդն աշխարհիկ փրկչի է սպասում։ Այս մոդելը մի կողմ դնենք։

Աշխարհիկ փրկչի արքետիպեր կարող ենք համարել Վարդան Մամիկոնյանին, Սասունցի Դավթին, կամ, ասենք, Գարեգին Նժդեհին։

Չնայած նրան, որ Վարդան Մամիկոնյանն, ըստ եկեղեցու, հավատքի համար էր ապստամբել, մենք նրան ընկալում ենք որպես աշխարհիկ իշխանության ներկայացուցիչ, այն էլ` զինվորական, որը Հայրենիքի համար էր պայքարում։

Սասունցի Դավիթը ինդիվիդուալիստ է, միայնակ կռվող, ինչը մի կողմից ձեռնտու է սպառողին, Դավիթը իրենցից ոչինչ չի պահանջում, մյուս կողմից նա ոչ համակարգային է։ Դժվար է Սասունցի Դավթին վարչապետ պատկերացնելը։ Այս արքետիպն էլ մի կողմ դնենք։

Մյուս կողմից Սասունցի Դավիթն ու Վարդան Մամիկոնյանը, պարտված հերոսներ են, բարոյական կողը մի կողմ դնենք։ Նաև հիշենք, որ եկեղեցին Մամիկյանանին ներկայացրել է որպես հավատքի մարտիկ, իսկ մերօրյա ինքնակոչ ծռերը արժեքազրկեցին էպոսը։

Մնաց Նժդեհի արքետիպը, որ հաջողության հասած, այսինքը կոնկրետ, շոշափելի արդյունք գրանցած գործիչ է։ Սակայն Նժդեհը նույնպես միայնակ հերոս է։ Մենք նրա պայքարում այլ համախոհների անունները չգիտենք, կա Նժդեհ և կան նրա զինվորները` նրան միացած Սյունիքի գյուղացիները։

Կարծում եմ, որ Նժդեհի արքետիպն էլ այս պահին ակտուալ չի։

Իսկ ինչպիսին պետք է լինի այսօրվա փրկիչը, թե ընդհանրապես փրկիչ, կամ լիդեր մեզ պետք չէ, այլ պետք են գաղափարներ ունեցող մարդիկ, որոնք համախոհներ ու համակարգված կառուցվածք ու սկզբունքներ ունեն։

Թեման մնում է բաց, սրանք ընդամենը հարցադրումներ են»։

Ստեփան Դանիելյան