Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղի իշխանության այլ ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք արդիական հարցեր` անվտանգություն, հյուպատոսության բացում, սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերություններ և այլն։
Դեսպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է այցի արդյունքների մասին և պատասխանել առաջնահերթ խնդիրներին վերաբերող հարցերին։
Ռուսաստանը Հայաստանի համար օգնության զգալի փաթեթ է պատրաստում ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Դեսպանի խոսքով` հանդիպման ընթացքում կողմերը հիմնական ուշադրությունը սևեռել են Սյունիքի մարզի խնդիրների վրա։ Տեղի իշխանությունների ուշադրության կենտրոնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներն են։ ՌԴ դիվանագետի գնահատմամբ` նրանք հսկայական և արդյունավետ աշխատանք են անում։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Հայաստանն ու հայ ժողովուրդը, այդ թվում` ԼՂ հայերը, կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։ Մենք շատ սերտ ենք կապված։ Այն իրավիճակն ու այն ցավը, որն ապրում է ժողովուրդը, ընկալում ենք որպես մեր սեփականը։ Ով ինչ էլ ասի` Ռուսաստանն անտարբեր չէ այդ ամենի նկատմամբ և իր գործողություններով ցույց է տվել, ցույց է տալիս և ցույց կտա, որ սա շատ կարևոր երկիր և ժողովուրդ է, որոնց հետ հազարամյակներով հարաբերություններ է կառուցել և մտադիր է հետագայում ևս անել դա»,– նշեց դիվանագետը։
Կոպիրկինը վստահեցրեց, որ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է օգնել դրանց լուծման հարցում` առաջնահերթ կենտրոնանալով մարդասիրական բնույթի հարցերի վրա։ Այդ կապակցությամբ դիվանագետը դրական գնահատեց Ռոսսոտրուդնիչեստվոյի արձագանքը տեղահանվածների առաջնային կարիքներին։
Ռուսաստանը բավական ակտիվ աշխատել է և շարունակում է աշխատել, որպեսզի տարածաշրջանային հակամարտությունը, չնայած բոլոր դժվարություններին, լուծվի ներգրավված բոլոր կողմերի համար արդար հենքի վրա։
«Առանց դրա դժվար է տևական խաղաղություն հաստատել, իսկ մեր նպատակն է, որ այստեղ խաղաղություն լինի։ Հատկապես այն մարդկանց համար, որոնք վերջին տասնամյակներում շատ են տառապել ու հանգիստ կյանք են ուզում իրենց և իրենց երեխաների համար և որոշակի վստահություն ապագայի հարցում», – ընդգծեց դեսպանը։
Կոպիրկինը նշեց, որ փորձել է տեղի ղեկավարությանը ազդակներ փոխանցել այն մասին, որ ՌԴ–ն ակտիվ և հետևողական քայլեր է ձեռնարկել և ձեռնարկելու խնդիրների լուծման հարցում օգնելու համար։
Եվս մեկ կարևոր հարց, որը քննարկվել է տեղի իշխանությունների հետ, Կապանում գլխավոր հյուպատոսության բացումն է։ Կոպիրկինը աջակցության և կառուցողական մոտեցման համար երախտագիտություն հայտնեց Սյունիքի ղեկավարությանը։
Առաջին անգամ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հավանական բացման մասին 2023 թվականի մայիսի վերջին հայտնել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը ողջունել է այդ նախաձեռնությունը։
«Սա նոր և շատ կարևոր պահ է։ Այստեղ մեր դիվանագետների առաջատար խումբ է աշխատում, որը նախապատրաստվում է այդ բացմանը», – նշեց դեսպանը։
ՌԴ պատվիրակության մյուս նպատակը մարզում աշխատող ՌԴ ներկայացուցիչների` զինվորականների, 102-րդ ռազմաբազայի գումարտակային խմբի, սահմանապահների հետ շփումն է։ Ինչպես նշեց դիվանագետը, այդ մարդիկ շատ բան են անում, որպեսզի այս բարդ իրավիճակում պահպանեն կայունությունն ու հայկական սահմանների անվտանգությունը։
«ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունը անփոխարինելի դեր ունի։ Հատկապես այն պահին, երբ իրավիճակը բավական նյարդային է, շատ է խոսվում «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու հետագայում` Լեռնային Ղարաբաղից հետո։ Եվ իհարկե ցանկացած գործողություն և քայլ, որոնք օգնում են մարդկանց մեծ վստահություն հաղորդել, շատ կարևոր է», – ասաց Կոպիրկինը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
0Comments