ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում ՀՀ իշխանություններին հորդորեց հեռանալ։ Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց․ «Այստեղից մեկն ասում էր՝ մեզ ասում են՝ մի փոքր իջեցրեք Արցախի հարցի նշաձողը եւ միջազգային լայն կոնսոլիդացիա կունենանք, մի փոքրը ինչքա՞ն էր, 10 սանտիմե՞տր, թե՞ կիլոմետր, իջեցրել եք մինչեւ զրո կետ, Արցախում հայ չկա, ռազմաքաղաքական ղեկավարությունը, ձեր ամենօրյա խոսակից Արայիկն էլ Բաքվի բանտում է, ՀՀ ինքնիշխանությունն էլ եք ահագին իջեցրել, եթե մնաք, իջեցնելու եք մինչեւ զրո։ Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հեռացեք»։
Պատգամավորին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Դուք դրոշներ եք դրել ձեր սեղանին, ամբողջ օրը առավոտից իրիկուն խոսում եք Լեռնային Ղարաբաղի մասին, բայց ձեր խոսույթի մեջ նույնիսկ հարգանք չկա։ Ասում եք՝ «ձեր խոսակից Արայիկը» այսինքն՝ մարդու էսօրվա վիճակը եւ նախկին կարգավիճակը եւ ձեր ճառերը․․․ տեսնո՞ւմ եք, դոր դուք հարգանքի պրիմիտիվ արտահայտություն չունեք, այդ դրոշը ձեզ համար ընդամենը հերթական իրիկուն փաբում անցկացնելու նյութական միջոց ապահովել է։ Էդ որ մեզ ասում եք՝ գնացեք «Վարդաշեն», հայտարարում եք՝ մահապարտ ենք, դուք մեկ Հոլանդիայում եք, մեկ Իտալիայում եք, ինչքան ռեզորտներ կան Եվրոպայում ու Ասիայում բաց չեք թողնում ու էդ մահապարտություն գտա՞ք ըտեղ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները ոչինչ կարող են շատ բան ասել, մենք մինչեւ որոշակի սահման հանդուրժող ենք, բայց երբ սահմանն անցավ ում պետք է ուղարկել «Վարդաշեն»՝ կուղարկենք։ Ինչ վերաբերում է Բաքու գնալու տրամաբանությանը, ապա ենթադրում եմ, որ այդքան վստահ ասում եք՝ գնալ-գալու ձեւերն ու ուղիները լավ գիտեք, այդ թվում՝ ձեր քաղաքական ուժի ղեկավարի բազմամյա փորձի բերումով»։
Աղվան Վարդանյանն արձագանքելով Փաշինյանին՝ պնդեց, որ նա ընդդիմությանը զրպարտում է․ «Բնականաբար ձեր տեսակից այլ բան չէի ակնկալում, երջանիկ եղեք, որ ես անձնական դաշտ չեմ մտնում, ինձ թույլ չեմ տալիս։ Բայց որ դուք կարող եք լինել բանսարկու ու զրպարտիչ, դա նորություն չէ»։
«Այդ որ ասում եք՝ հեռացեք, գիտեք՝ ինչու եք այդպես ասում, որովհետեւ Հանրապետության հրապարակում էսքանով էիք մնացել։ Ձեր մեծագույն պրոբլեմը գիտե՞ք որն է, դուք հարգանք չունեք ոչ քաղաքացու նկատմամբ, ոչ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ոչ Լեռնային Ղարաբաղի իշխանության նկատմամբ, ոչ Լեռնային Ղարաբաղի դրոշի նկատմամբ․ դա ձեր համար հերթական կոմերցիոն գործարքն է, ինչքանով կարաք ծախեք, որտեղ կարաք ծախեք, ինչքան խուրդա կմնա․ էդ ա ձեր էությունը»,- ասաց Փաշինյանը։
Ընդդիմադիր պատգամավորներից Արմենուհի Կյուրեղյանը ասաց, որ Փաշինյանն է ծախել Արցախը, Փաշինյանն էլ արձագանքեց․ «Վայ, լո՞ւրջ եք ասում։ Բա դուք ինչքանո՞վ ծախեցիք, էդ որ ծափ էիք տալիս»։
Պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց՝ Փաշինյանը թող ապացուցի, որ իրենք են ծախել Արցախը, Փաշինյանն ասաց․
«Ձեր էսօր քաղաքական լուսանցքային վիճակը ցույց է տալիս, որ այդ ամեն ինչը ապացուցված է, ապացուցենք ձեր ունեցած միլիարդներով։ «Եռաբլուր» լացողներ, «Եռաբլուրի» կեսը սեփականաշնորհել էիք»։
Նիստերի դահլիճում կրքերը թեժացան, երբ ընդդիմադիրներից մեկը Փաշինյանին ասաց՝ «ամոթ քեզ»․
«Ամոթը քեզ, էդ դուք չե՞ք «Եռաբլուրի» վրա «Լեքսուս» ու «Տոյոտաներ» սարքողներ, եկել ինչի՞ց եք խոսում։ Եկել ա, փորը տնկած խոսում ա, ո՞վ ես դու վաբշե»։
0Comments