Հայկական կողմն աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի սահմանային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։
Այս մասին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
Նրա փոխանցմամբ՝ վերջին պայմանավորվածությունների համաձայն՝ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։
«Այդ աշխատանքներն առաջիկայում կավարտվեն, և Հայաստանը հույս ունի, որ թուրքական կողմը նույնպես կպահպանի պայմանավորվածությունները և այս ամառվա ընթացքում դրանք կիրագործվեն»,- հավելեց նա։
Հայ-թուրքական բանակցություններում Հայաստանը ներկայացնող Ռուբինյանը նաև ասաց, որ բանակցային գործընթացը կանգ չի առել։
«Ես, ըստ անհրաժեշտության, խոսում եմ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, գործընթացը կանգ չի առել։ Այս պահին նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, եթե լինի, համապատասխան կարգով հանրությունը կտեղեկացվի»,- եզրափակեց քաղաքական գործիչը։
0Comments