Փայտե ցանկապատով տարածքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում գտնվող Նանսենի անվան զբոսայգում է: Դատախազության տվյալով՝ 2013-ին, Երևանի քաղաքապետի որոշմամբ, օտարման ոչ ենթակա հողամասը ավելի քան 3 մլն 712 հազար դրամով վաճառվել է Նոր Նորք համայնքի նախկին ղեկավար Դավիթ Պետրոսյանի կնոջը՝ Ռոմելլա Գրիգորյանին, որդուն և դստերը: 76,8 քմ սրճարանն ու 533,4 քմ հողամասը նրանք 2018-ին մոտ 46 մլն դրամով վաճառել են այլ քաղաքացու:
Արթուր Սարգսյան (Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ) - Այգու մեջ շատ ակնհայտ է, որ սեպի պես խրված ուղղանկյունաձև կառույց է: Ակնհայտ էր, որ Երևանի քաղաքապետարանի վարչության պետերի, քաղաքապետի արարքում առկա են Քրեական օրենսգրքի 314-րդ, 308 հոդվածների արարքներ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և պաշտոնեական կեղծիք:
Մինչև Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը՝ 2005 թվականը, այստեղ՝ 533 քմ պետական սեփականություն համարվող հողամասի վրա եղել է մի քանի տաղավարից բաղկացած սրճարան, որը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ, 2006 թվականին հանձնվել է Նոր Նորք վարչական շրջանին՝ որպես համայնքային սեփականություն: Հողամասն էլ հանձնվել է մշտական օգտագործման: Այդ ժամանակ Նոր Նորքի համայնքի ղեկավարն էր Դավիթ Պետրոսյանը:
Արթուր Սարգսյան - Դավիթ Պետրոսյանի որոշմամբ հողամասի վրա գտնվող տաղավարները՝ սրճարանն ու պաղպաղականոց կոչվածը, օտարվել է կնոջը որպես սեփականություն, հողամասը մնացել է համայնքային սեփականություն:
2009-ին՝ Պետրոսյանի մահից հետո, կինը սեփականության նոր վկայական է ձեռք բերել, որում նշվել է՝ շինությունը սեփականության իրավունքով է, իսկ համայնքային նշանակության հողամասը՝ վարձակալության, քանի որ օրենքով օտարման ենթակա չէ:
Արթուր Սարգսյան - 2012-ին Դավիթ Պետրոսյանի այրին դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ այս պահին չպարզված, դա քննությամբ կպարզվի, թե ինչից ելնելով, որ այգու տարածքների ճշտումից հետո պարզվել է, որ մեր զբաղեցրած տարածքը այգու սահմաններում չէ, խնդրում եմ՝ օտարել ինձ:
Դատախազի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2012-ի նոյեմբերին հողամասի կեղծ հատակագիծ և եզրակացություն են կազմել, և դրանց հիման վրա՝ Հողային օրենսգրքի սահմանափակումներն անտեսելով, պետական և համայնքային սեփականության 533,4 քմ հողամասն օտարվել է:
Արթուր Սարգսյան - Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում է կազմվել հատակագիծը, վարչության պետ Անդրանիկ Քասարյանը եզրակացություն է տվել անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ամյանին, որ այս հողամասը 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ չէ: Օտարման համար ամենակարևոր եզրակացությունը դա է, կադաստրային գործեր ենք ուսումնասիրել, կարևոր է՝ հողամասը սահմանափակում ունի թե ոչ:
Դատախազությունն այս գործով մայիսի 19-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, որում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունը հայց կներկայացնի Վարչական դատարան՝ տարածքը համայնքին վերադարձնելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունը շարունակվում է, քրեական վարույթի շրջանակում դեռևս մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան: Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Իրավապահների ուշադրության տակ են Երևանի զբոսայգիները, պուրակներն ու հասարակական այլ վայրերը: Կասկածներ կան, որ ապօրինի օտարվել է նաև Նանսենի այգու մեկ այլ հատվածն ու Նոր Նորքի Տիգրան Մեծ այգու հատվածը: Ուսումնասիրությունն այդ գործերով շարունակվում է:
0Comments