Մակրոնն ու Զելենսկին կոչ են արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և կանխել 3-րդ երկրների միջոցով դրանց շրջանցումը

Մանրամասներ

Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին հայտարարել են հակառուսական պատժամիջոցների խստացման, ինչպես նաև նախկինում սահմանված սահմանափակումների պահպանման նկատմամբ ավելի խիստ վերահսկողության ապահովման անհրաժեշտության մասին։

Այս մասին ասված է նախագահների համատեղ հայտարարության մեջ, որը Ելիսեյան պալատը հրապարակել է նրանց հանդիպումից հետո։Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան ու Ուկրաինան համաձայն են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը մեծացնելու և դրանց արդյունավետ կյանքի կոչմանը հասնելու անհրաժեշտության հետ։

Կողմերը նաև համաձայնել են երրորդ երկրների միջոցով պատժամիջոցների շրջանցումը կանխելու ու զսպելու անհրաժեշտության հարցում։

Բացի այդ, Մակրոնն ու Զելենսկին նաև ընդգծել են, որ հարկավոր է պատասխանատվության ենթարկել ուկրաինական հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ կատարած անձանց։ Նրանք հայտարարել են, որ Եվրոպայի խորհրդի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ կներկայացվի փաստաթուղթ Ուկրաինային հասցված «վնասի միջազգային ռեգիստր» ստեղծելու մասին։

Պաշտոնական Փարիզը նաև իր աջակցությունն է հայտնել Կիևի՝ երկրում բարեփոխումներ անելու մտադրությանը, ինչը թույլ կտա արդեն 2023 թվականի վերջին սկսել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։