Զելենսկիի մայրը հայտարարել է, որ Պորոշենկոն «ոչնչացնում» է իր որդուն

Մարդ պետք է գոնե մի փոքր քաղաքակիրթ լինի

Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկիի մայրը «Громадське» հեռուստաալիքի հետ զրույցում գնահատական է տվել երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ինչպես նաև հայտնել, թե ինչու է իր որդին քաղաքականություն մուտք գործել:

«Հավատացե՛ք, նա փողի կարիք չունի: Նախագահի պաշտոնում նա ավելի քիչ գումար կվաստակի, քան այժմ: Նա պարզապես ուզում էր, որ Ուկրաինայում ամեն ինչ փոխվի, որ երիտասարդները չլքեն երկիրը: Նա ուղղակի չի կարողանում տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում մեր երկրում: Թոշակառուները գրոշներ են ստանում: Թոշակ ստանում են, բայց դեղեր գնելու փող չեն ունենում»,- բացատրել է թեկնածուի մայրը՝ Ռիմա Զելենսկայան:

Կնոջ խոսքով՝ իր որդին բարոյական մարդ է, որն ունեցած ամբողջ գումարը սեփական աշխատանքով է վաստակել և, չնայած դրան, նրա վրա «ցեխ են շպրտում», մեղադրում մերթ քաղաքական ծրագրի բացակայության, մերթ Կրեմլի հետ պայմանավորվածության համար:

«Ասացեք, որքա՞ն կարելի է մարդու վրա ցեխ շպրտել: Կարծում եմ, որ դա Պորոշենկոյին ձեռք է տալիս, ախր նա իմ որդուն պարզապես ոչնչացնում է: Մարդ պետք է գոնե մի փոքր քաղաքակիրթ լինի»,- ասել է Զելենսկիի մայրը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին: