Բայդենը կմասնակցի 2024 թվականի նախագահական ընտրություններին

Մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կառաջադրվի երկրորդ ժամկետի համար։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տան կողմից հրապարակած տեսանյութում։

«Ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու համար», - ասել է նա։

Հայտարարությունն արվել է 2020 թվականի ընտրություններին մասնակցելու հայտարարությունից ուղիղ չորս տարի անց։

Փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես հայտարարել է վերընտրվելու ծրագրերի մասին:

Ամերիկյան լրատվամիջոցները ստույգ չգիտեին գործող նախագահի թիմի ծրագրերի մասին։ Նրա որոշ խորհրդականներ ու մտերիմներ հնարավոր համարում էին, որ քաղաքական գործիչը նախընտրական արշավի մեկնարկի մասին կհայտարարի հունիսին կամ նույնիսկ աշնանը։

Հասարակական կարծիքի վերջին հարցումներն, ընդհանուր առմամբ, ցույց են տալիս, որ դեմոկրատների մեծ մասը պատրաստ է աջակցել Բայդենին, իսկ հանրապետականների մեծ մասը պատրաստ է աջակցել նախորդ նախագահ եւ հիմնական քաղաքական հակառակորդ Դոնալդ Թրամփին, եթե երկուսն էլ առաջադրվեն գլխավոր կուսակցությունների կողմից: Ընդ որում, հարցված ամերիկացիների մեծ մասը չի ցանկանում Սպիտակ տանը տեսնել ո՛չ պետության ներկայիս ղեկավարին, ո՛չ էլ Թրամփին։

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Թրամփը 2022 թվականի նոյեմբերին արդեն հայտարարել էր երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարի մեկնարկի մասին։ Բայդենն, իր հերթին, մինչ օրս միայն ակնարկում էր, որ հույս ունի վերընտրվել։ Եթե ​​նրան հաջողվի վերընտրվել, ապա երկրորդ նախագահական ժամկետի սկզբում Սպիտակ տան ներկայիս ղեկավարը կդառնա 82 տարեկան։