ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հետ չկանգնել Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու իր պահանջից: Եվ սա այն դեպքում, երբ «շաթդաունը» արդեն հատել է մեկ ամսվա սահմանը,որը երկրի պատմության մեջ ամենաերկարն է:
«Առանց պատի մեր երկիրը երբեք չի ունենա սահմանային եւ ազգային անվտանգություն։․․․ Պետք է վերջապես ամեն ինչ ճիշտ անել։ Չնահանջե՛լ»,- Twitter-ում գրել է Թրամփը:
Միաժամանակ Գերագույն դատարանը վճիռ է կայացրել ոչ վարչակազմի օգտին՝ հայտարարելով, որ դեռեւս որեւէ որոշում չի կայացնի մանուկ հասակում երկիր անօրինական բերված մոտ 700 000 միգրանտների պաշտպանության մասին նախկին նախագահ Բարաք Օբամայի որոշումը չեղյալ համարելու հայցի վերաբերյալ:
Նշենք, որ «Շաթդաունի» պատճառով տուժել են մոտ 800 000 պետական աշխատողներ, որոնցից 420 000-ը շարունակում են աշխատել առանց աշխատավարձի, իսկ մնացածները հարկադիր արձակուրդ են ուղարկվել։
0Comments