Մեծ հպարտության ու փոքր ճուճուլների տեր մարդկանց պարադոքսը․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

1

Հայաստանը բազմաթիվ պարադոքսների երկիր է, բայց դրանց մեջ ամենատարածվածը, այսպես կոչված` «Մեքենայի մեջի մարդու» պարադոքսն է: Մի քանի տարի առաջ այս պարադոքսն իր գրքում նկարագրել է հայտնի ֆինանսիստ Մորգան Հոզելը: Երիտասարդ ժամանակ նա պարկովշիկ էր աշխատում ու նկարագրում է այն պարադոքսը, երբ թանկարժեք մեքենան կայանելուց նա նույնպես երազում էր թանկարժեք մեքենա ունենալ, որպեսզի վայելի հասարակության բարձր գնահատանքը, թեպետ հենց ինքը նույն այդ թանկարժեք մեքենայի տիրոջ հանդեպ նման պատկառանք չուներ:

Պարադոսքը կայանում է նրանում, որ մարդիկ գրեթե երբեք առանձնահատուկ հարգանք չեն տածում թանկարժեք մեքենայի տիրոջ նկատմամբ, բայց գրեթե միշտ կարծում են, որ նրանք այդ հարգանքին կարժանանան, եթե նման մեքենա ունենան: Հայաստանում սա առավել ցցուն է հենց մեքենաների շուկայում, բայց դրսևորվում է բոլոր մնացած ոլորտներում, ու պարադոսքի պատճառը կայանում է նրանում, որ մարդիկ հրաժարվում են այլոց վաստակը գնահատել: Հասարակության թերարժեքության բարդույթներն այնքան խորն են, որ իրենց` հիվանդագին ու ըստ էության ճղճիմ եսասիրությունը թույլ չի տալիս որևէ մարդու իրական վաստակը գնահատել, բայց բոլորը ուզում են վաստակաշատ մարդու տպավորություն թողնել, առանց բուն վաստակը վաստակելու (դե որտև մեկ ա ոչմեկ չի գնահատի):

Հինգ տարի առաջ հայերի ճնշող մեծամասնությանը թվաց, որ մի ծնունդի սեղան կառավարել չկարողացող մարդը կարող է հանգիստ երկիր կառավարել: Մարդիկ Սերժի սարքած ու բոլորի կողմից երանելի համարվող մեքենան տվին Նիկոլին, որ նա այս ժողովրդի ինքնամոռաց հպարտությունը բավարարի «թանկ մեքենայով», Նիկոլս էլ հինգ տարի անց իրա բերանով ասեց, որ մեքենան չի աշխատում: Մարդիկ էլ, սա լսելով, ոչ թե գնահատում են այդ մեքենան պահած մարդու վաստակը, այլ որոշում են, որ մեքենան ի սկզբանե փուչիկ էր: Փուչիկ, որն իրանք սակայն երազում էին ճռցնել Սայաթ Նովա Աբովյան խաչմերուկով:

Նույն վիճակը, իմիջիայլոց, ընդդիմության դաշտում է: Մի քանի ապիկար գեղցի, որ ժամանակին սրան նրան գցելով փող են կուտակել, մտածում են, որ, երկու կոպեկ ծախսելով, կարող են ստեղծել մի համակարգ, որը իր արդյունավետությամբ չի զիջի այն ինստիտուտներին, որի ստեղծման վրա աշխատել են իրապես տաղանդավոր մարդիկ: Կուսակցություններ, ՀԿ-ներ, շարժումներ, մեդիա հոլդինգներ, հերոսներ ու հերոսների մայրեր... տո ինչ ասես մոգոնում են: Բնական է` սրանց մոտ էլ ոչինչ չի ստացվում ու մեղավորը նորից իրենք չեն, որ չեն ուզում ընկալեն սեփական ապիկարությունն ու այլոց վաստակաշատությունը, ո´չ, մեղավորը «ժեխն» է, որ չի գնահատում իրենց փայլուն տաղանդի արդյունքը: Սարքում են մի հատ Լադա Պրիորա, վրան Ռոլս Ռոյսի նշան խփում ու զարմանում, որ մարդիկ էդ կուտը չեն ուտում:

Ու քանի որ ոչ մեկ իր մեջ բավական կամքի ուժ չունի, որպեսզի ընդունի սեփական նսեմությունը շնորհալի մարդու առջև, բոլորը մնում են` տարատեսակ Ֆեռարիների ու Բենտլիների նշաններով զարդարված, սակայն հիմքում միշտ նույն Պրիորայի մեջ:

Էս պարադոքսը կարելի էր անվանել՝ «մեծ հպարտության ու փոքր ճուճուլների տեր մարդկանց պարադոքս»:

Արթուր Դանիելյան