Ամոթալի հրճվանք. Ինչքա՜ն տարրական բաներ մեր հասարակության մի հսկա հատված չգիտի, չի պատկերացնում, չի հասկանում

Մանրամասներ

ա

«Հրապարակը գրում է. «Ինչքա՜ն տարրական բաներ մեր հասարակության մի հսկա հատված չգիտի, չի պատկերացնում, չի հասկանում։ Ասենք, բոլոր նորմալ հասարակություններում գիտեն, որ ընկածին չեն խփում, բացակա անձի հետեւից չեն բամբասում, թույլ ու հիվանդ մարդուն աջակցում են, իսկ ուժեղին ու պաշտոնավորին գովելը-քծնելը գեղեցիկ չէ։

Երկու օր շարունակ ականատես ենք, թե ինչ հրճվանք ու ոգեւորություն են ապրել ոմանք Աղվան Հովսեփյանի կալանքով։ Նրանց մեծ մասը ժամանակին երազում էր Գառնիկիչի մի հայացքին արժանանալու, նրա ձեռքը բռնելու, նրա բարեհաճությունը վաստակելու մասին։ Նրանք, հավանաբար, կվախենային գլխավոր դատախազի մոտ խորը շունչ քաշել, ուր մնաց թե խոսել կամ քննադատել։ Բայց այսօր «եզն ընկավ՝ դանակավորը շատացավ» սկզբունքով խփում են ու հայհոյում, քննադատում են եւ հոխորտում։ Ու ամենակարեւորը՝ երջանիկ են, որ նա կալանավորվել է։

Մարդկանց այս հատվածին անհնարին է բացատրել, որ ուրիշի դժբախտությունն ու դժվարություններն իրենց երբեք երջանիկ չեն դարձնելու, եւ անգամ եթե Աղվան Հովսեփյանը ցմահ նստի, ու նրա ողջ ունեցվածքը բռնագրավեն, իրենց կյանքը դրանից չի լավանա, եւ այդ բռնագրավածից ոչինչ չեն ստանա։

Ճիշտ է՝ ժամանակին Աղվան Հովսեփյանը հազարավոր սխալներ, գուցե նաեւ՝ հանցագործություններ է կատարել, բայց դրանք հնարավոր չի լինելու բացահայտել, եւ, առհասարակ՝ այն արդարադատությունը, որտեղ կա քաղաքական գործոն, եւ ինչ-որ մարդկանց կամքն է դեր խաղում, երբեք ոչ մի հասարակության երջանկություն չի բերել։

Վենդետան ու թշնամանքը, հաշվեհարդարն ու պատիժը ոչինչ չեն տալու այն հասարակությանը, որտեղ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի կամքը։ Մեկ անձի, ով սեփական համակրանքների շրջանակներում է պատժում կամ ներում, բարձրացնում կամ իջեցնում»։