«Հնարավոր է, որ պատերազմը շատ ավելի մոտ է, քան շատերը կարծում են». «Նեզավիսիմայա գազետա»

Այն, որ վաղ, թե ուշ Ղարաբաղի համար պատերազմը վերսկսվելու է, գրեթե կասկածի տեղիք չի տալիս, իսկ այ դրա ելքը կանխատեսելը չափազանց բարդ է


Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում հրապարակվել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի հեղինակած արցախյան հակամարտության թեմայով «Լեռնային Ղարաբաղ՝ Անդրկովկասի վառոդե տակառ» վերտառությամբ ծավալուն հոդվածը։

Հոդվածագիրն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է հակամարտության ժամանակագրությունը՝ նկատելով, որ միջազգային իրավունքի ժամանակակից նորմերի տեսանկյունից սա դասական ու անլուծելի հակասություն է սահմանների անխախտելիության (հօգուտ Ադրբեջանի) ու ազգերի ինքնորոշման իրավունքի (հօգուտ Հայաստանի) միջև:

«Անկեղծ ասած՝ Ղարաբաղյան հակամարտության դեպքում կա որոշակի խորամանկություն. չէ՞ որ ԽՍՀՄ փլուզումն ամբողջովին խախտեց սահմանների անխախտելիության սկզբունքը՝ միևնույն ժամանակ իրագործելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Եվ այս դեպքում անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է նախկին միութենական պետությունների սահմաններն անձեռնմխելի համարվեն: Առավել ևս, որ ԽՍՀՄ կոմունիստական իշխանություններն այդ սահմանները նկարել էին չափազանց կամայական կերպով»,-գրում է Խրամչիխինը:

Հեղինակի համար նաև տարօրինակ է այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզման հետևանքով միութենական պետությունները Խորհրդային Միության կազմից դուրս գալու անհերքելի իրավունք ունեին, մինչդեռ ինքնավար հանրապետություններն ու շրջանները միութենական պետությունների կազմից դուրս գալու իրավունքից զրկված էին:

«Այսպիսով, եթե պատմական համատեքստի տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտությունում արդարներ ու մեղավորներ փնտրելն անիմաստ է, ապա ԽՍՀՄ փլուզման համատեքստում ավելի արդար պետք է համարել հայերին: Ամեն դեպքում, նրանք ավելի հետևողական էին՝ հետևելով բացառապես ինքնորոշման իրավունքին:

Մինչդեռ Ադրբեջանը, անկասկած այդ իրավունքը ճանաչելով իր իսկ համար, Ղարաբաղին մերժեց այդ հարցում»,- գրում է Խրամչիխինը:

Այնուհետև հեղինակը ներկայացնում է՝ ինչպես է ծագել հակամարտությունը, ռազմական գործողությունների ընթացքն ու դրանց ելքը՝ նկատելով, որ ի պատասխան Ադրբեջանի գործողությունների հայկական կողմի հակահարձակումները գրեթե միշտ ավելի արդյունավետ ու հաջողված են եղել:

Անդրադառնալով Օմարի լեռնանցքի մարտական գործողությանը՝ հեղինակը գրում է, որ դա վճռորոշ պահ էր ամբողջ պատերազմի համար:

«Արդյունքում պարզ դարձավ, որ Ադրբեջանը հաղթանակի որևէ շանս չունի»,-գրում է Խրամչիխինը՝ նշելով, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվի նյութական ու մարդկային կորուստներն անհամեմատ ավելի մեծ են եղել, քան Հայաստանինը:

Հոդվածի վերջում հեղինակը նշում է, որ երկու պետությունների ու ժողովուրդների միջև պահպանվում է փոխադարձ սուր ատելության մթնոլորտը, հակամարտության լուծմանն առնչվող նրանց դիրքորոշումները բացառում են մեկը մյուսի տարբերակները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռևս չճանաչված է, բայց գրեթե ամբողջովին ինտեգրված Հայաստանին: Ստեղծված «ստատուս-քվո»-ն միանգամայն ընդունելի է հայերի, սակայն միանշանական անընդունելի նավթային եկամուտների շնորհիվ ռազմական ներուժն ավելացնող ադրբեջանցիների համար:

«Այն, որ վաղ, թե ուշ Ղարաբաղի համար պատերազմը վերսկսվելու է, գրեթե կասկածի տեղիք չի տալիս: Իսկ այ դրա ելքը կանխատեսելը չափազանց բարդ է: Այնուհանդերձ՝ իրավիճակի սրման միտումը վերջին շրջանում ակնհայտ է: Հնարավոր է՝ պատերազմը շատ ավելի մոտ է, քան շատերը կարծում են»,-եզրափակել է հեղինակը: