Սիրիան ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները՝ նրան միացած տարածքներով. Ասադ

Մանրամասներ

Դամասկոսը ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները՝ հանրաքվեի արդյունքներով նրան միացած տարածքներով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությամբ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությամբ, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերով, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

«Իհարկե։ Ես ասում եմ, որ դրանք ռուսական տարածքներ են, եւ եթե անգամ  պատերազմը չլիներ, դրանք պատմական ռուսական տարածքներ են»,- ասել է Սիրիայի նախագահը՝ պատասխանելով ռուսական նոր սահմանների ճանաչման մասին հարցին։

Սիրիան, հիշեցրել է Ասադը, այդ շրջանները ճանաչել էր դեռեւս մինչեւ դրանց Ռուսաստանին միանալը։

«Այդ հարցը մեզ համար պարզ է ամենասկզբից, եւ մենք չենք տատանվի մեր դիրքորոշման մեջ։ Սիրիայի դիրքորոշումը հստակ է եւ, միաժամանակ, վճռական, մենք համոզված ենք այդ հարցում, ոչ միայն հանուն Ռուսաստանի հետ բարեկամության, այլեւ որովհետեւ այդ տարածքները Ռուսաստանի տարածքներն են»,- ասել է Սիրիայի նախագահը։

Այս դիրքորոշումը, պետության ղեկավարի խոսքով, հիմնված է պատմական փաստերի վրա։

«Դրանք Ուկրաինային են հանձնվել, գուցե, մոտ 100 տարի առաջ, ես կարծում եմ, որ (Վլադիմիր) Լենինի ժամանակներում։ Դրանցում ապրում են ռուս քաղաքացիներ, եւ փաստերը տեղերում վկայում են այն մասին, որ դա ռուսական հող է։ Մենք համոզված ենք մեր դիրքորոշման մեջ»,- ասել է Ասադը։