Հաջորդ ուժգին երկրաշարժը կարող է լինել Ստամբուլում. Յուրաքանչյուր հինգերորդ շենքը ամբողջությամբ կամ մասնակիորեն կքանդվի

Մանրամասներ

Գիտնականները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին հզոր երկրաշարժ կարող է տեղի ունենալ Կոստանդնուպոլսում՝ մոտ 15 միլիոն բնակչությամբ։ Դա պայմանավորված է քաղաքի աշխարհագրական դիրքով։Դեռ 2006 թվականին պրոֆեսոր Օքան Թույսուզը բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում կանխատեսել էր, որ հաջորդ տասնամյակների ընթացքում Կ․Պոլսի շրջանում հզոր երկրաշարժ է տեղի ունենալու, ըստ Լրագրի՝ գրում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Մենք գիտենք ուժգնությունը: Մենք գիտենք տեղը: Մենք չգիտենք, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա: Բայց 65 տոկոս հավանականություն կա, որ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի կունենա մինչև 2030 թվականը», – ասել է նա:

Թույսուզը միակը չէ, ով զգուշացրել է Կ․Պոլսի շրջանում սպասվող հզոր երկրաշարժի մասին։ Վերջին տարիներին բազմաթիվ կանխատեսումներ են եղել, որ մեծ հավանականությամբ քաղաքը կտուժի առնվազն 7 բալ ուժգնությամբ երկրաշարժից։

Կ․Պոլսի քաղաքապետարանի կողմից գիտնականների հետ համատեղ պատրաստած զեկույցի համաձայն՝ քաղաքի բոլոր թաղամասերը տուժելու են 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից։ Եվ հատկապես՝ եվրոպական մասը։ Սպասվում է, որ քաղաքի յուրաքանչյուր հինգերորդ շենքը ամբողջությամբ կամ մասնակիորեն կքանդվի։

Գիտնականները կարծում են, որ առավել խոցելի են 2000-ից առաջ կառուցված բարձրահարկ շենքերը։ Ստամբուլում դրանք տասնյակ հազարավոր են։ Մարդկային կորուստների մասշտաբները հսկայական են լինելու։