Ինչպես է՝ աշխարհն արձագանքել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սինվարի սպանության լուրին

Մանրամասներ
Ինչպես ՀԱՄԱՍ

Երեկ երեկոյան Իսրայելը պաշտոնապես հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարի սպանության մասին: Al Jazeera-ն ներկայացրել է միջազգային հանրության արձագանքը սպանությանը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը «մաքրել է հաշիվները» Սինվարի հետ, սակայն «պատերազմը սրանով չի ավարատվել»: Նրա խոսքով՝ Սինվարի սպանությունը կթուլացնի ՀԱՄԱՍ-ին և խմբավորումն այլևս չի ղեկավարի Գազայի հատվածը:

Միացյալ Նահանգներ

Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Սինվարի մահն իսրայելցիների համար «թեթևության պահ է» և հնարավորություն է ընձեռում «մի օր Գազայում առանց խմբավորման իշխանություն ստեղծելու համար»:

«Յահյա Սինվարն անհաղթահարելի խոչընդոտ էր այդ բոլոր նպատակներին հասնելու համար: Այդ խոչընդոտն այլևս չկա։ Բայց մեր առջև դեռ շատ աշխատանք կա: Շուտով ես կխոսեմ վարչապետ Նեթանյահուի և Իսրայելի մյուս առաջնորդների հետ՝ շնորհավորելու նրանց, քննարկելու պատանդներին իրենց ընտանիքներ վերադարձնելու և անմեղ մարդկանց այսքան շատ տառապանք բերած այս պատերազմին մեկընդմիշտ վերջ տալու ճանապարհը», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Փոխնախագահ Քամալա Հարրիսը ողջունել է Սինվարի մահը և ասել, որ դա հնարավորություն է «վերջապես վերջ տալու Գազայում պատերազմին»:

«Արդարությունը հաղթեց: Սինվարը պատասխանատու էր հազարավոր անմեղ մարդկանց, այդ թվում՝ հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով զոհվածների և Գազայում սպանված պատանդների համար: Այսօր ես կարող եմ միայն հուսալ, որ ՀԱՄԱՍ-ի զոհերի ընտանիքները զգում են թեթևություն», - հավելել է նա:

Իրան

Երկրի առաքելությունը ՄԱԿ-ում հայտնել է, որ Սինվարի մահը օրինակ կլինի Իսրայելին դիմադրող առանցքի համար: 

«Երբ մուսուլմանները նայեն մարտի դաշտում կանգնած նահատակ Սինվարին՝ մարտական հագուստով և բաց տարածքում կանգնած, ոչ թե թաքստոցում, դեմ առ դեմ թշնամուն, դիմադրության ոգին կամրապնդվի: Նա օրինակ կդառնա երիտասարդների և երեխաների համար, որոնք կշարունակեն Սինվարի ուղին դեպի Պաղեստինի ազատագրում: Քանի դեռ կա օկուպացիան և ագրեսիան, դիմադրությունը կդիմանա, քանի որ նահատակը մնում է ոգեշնչման աղբյուր»,- գրել է առաքելությունը X-ի գրառման մեջ:

Եվրամիություն

27 երկրների դաշինքի արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Սինվարին նկարագրել է որպես «հրատապ անհրաժեշտություն ունեցող զինադադարի և բոլոր պատանդների անվերապահ ազատման խոչընդոտ»:

«Յահյա Սինվարը ահաբեկիչ էր, որը ներառված էր ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում և պատասխանատու էր  հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակման համար: Պետք է վերջ տրվի բռնությանը, պատանդների ազատագրմանը և պաղեստինցիների տառապանքների», - գրել է նա X-ում:

Գերմանիա

Արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Սինվարին անվանել է «դաժան մարդասպան և ահաբեկիչ»։ Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է «անհապաղ ազատ արձակի բոլոր պատանդներին» և « վայր դնի զենքերը»:

Ֆրանսիա

Նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Սինվարը «հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունների և բարբարոսական գործողությունների գլխավոր պատասխանատուն էր»:

«Ֆրանսիան պահանջում է ազատ արձակել բոլոր պատանդներին, որոնք դեռևս պահվում են ՀԱՄԱՍ-ի կողմից», - գրել է Մակրոնը X-ում:

ՆԱՏՕ

Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է, որ «եթե նա մահացել է, ես անձամբ չեմ կարոտի նրան»:

Իտալիա

Արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ասել է. «Թվում է, թե ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդը սպանվել է, և ես կարծում եմ, որ այս տեսանկյունից Իսրայելը կարող է իր ինքնապաշտպանությունն իրականացրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ»:

Միացյալ Թագավորություն

Պաշտպանության նախարար Ջոն Հելին ասել է. «Ես, առաջին հերթին, չեմ սգա այնպիսի ահաբեկչի մահը, ինչպիսին Սինվարն է, որը պատասխանատու է հոկտեմբերի 7-ի ահաբեկչության համար»: