ՀԱՊԿ-ում ըմբռնումով են մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը թույլ չի տալիս անցկացնել ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՀԱՊԿ քարտուղարությունը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Երևանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի գտնում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն այս տարի: Մեկնաբանության մեջ նշվում է, որ նախատեսված էր Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնել «Անխախտելի եղբայրություն-2023» զորավարժությունը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ՝ համաձայն Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի կողմից հաստատված պլանի:
«Այս տարի հայկական հողի վրա այս զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունն ավելի վաղ հաստատվել էր նաև Երևանում։ Ներկայում ՀԱՊԿ քարտուղարությունը Կազմակերպության կողմից սահմանված կարգով հայկական կողմից ծանուցումներ չի ստացել այդ զորավարժությունների չեղարկման մասին», – նշվում է հաղորդագրությունում։ «Մենք ըմբռնումով ենք վերաբերվում Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին, որը չի կարող թույլ տալ այս տարի լիարժեք իրականացնել նախատեսվող ՀԱՊԿ զորավարժությունները», – հավելել է ՀԱՊԿ քարտուղարությունը։
Ըստ հաղորդագրության՝ ՀԱՊԿ քարտուղարությունը և Միացյալ շտաբը գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից հաստատված Զորքերի (Հավաքական ուժերի) մարտական պատրաստության պլաններն ամբողջությամբ իրականացվեն՝ նրանց պատրաստության բարձրացման համար՝ ի շահ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման։
0Comments