Ռուս հայտնի վտանարնդի հրապարակախոս Յուլիա Լատինինան YouTube-ի Popular Politics ալիքին տված հարցազրույցում պատասխանել է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի և Պուտինի քաղաքականության մասին հարցին․
– Սա սարսափելի է, քանի որ, ըստ երևույթին, աշխարհը հոգեկան ուժ ունի միայն մեկ պատերազմի համար, ասել է Լատինինան՝ հիշեցնելով, որ 120 հազար մարդ լիակատար շրջափակման մեջ է, 2 օր է՝ գազ չկա։
«Կոչ եմ անում աշխարհին միջամտել, քանի որ պարզ է, որ Պուտինը չի կարող որևէ բանի երաշխավոր լինել, հատկապես՝ Հայաստանի անվտանգության։ Պուտինն ամբողջությամբ վաճառեց Հայաստանը Էրդողանին։ Այս իրավիճակում Հայաստանի և Արցախի միակ երաշխավորը կարող են լինել միայն Եվրոպան և ԱՄՆ-ը։ Հայաստանը Պուտինի բացարձակ գաղութատիրական կցորդն է, որովհետև Պուտինի մերձավորները գնել են այնտեղ եղած ամեն ինչ: Եվ մենք տեսնում ենք, թե ինչ է պուտինյան գաղութատիրությունը, երբ բոլոր ռեսուրսները քամում են երկրից, և ոչ ոք չի պատրաստվում պաշտպանել այդ երկիրը և հնարավորություն չի տալիս բարեփոխումներ իրականացնել, որոնք թույլ կտան պաշտպանել այն և գտնել միջազգային երաշխավորներ, որոնք կապահովեն այս պաշտպանությունը:
Այսինքն՝ այն ամենը, ինչին կպնում է Պուտինը՝ Հյուսիսային Օսիան, Մերձդնեստրը, Աբխազիան և այլն, վերածվում է որոշակի գույնի նյութի։
Սիրտս շատ է ցավում Հայաստանի համար, կարծում եմ, որ բացարձակապես սարսափելի է այն, ինչ տեղի է ունենում․․․ Խորհրդային Ռուսաստանը իր գոյության առաջին իսկ օրվանից անմիջապես դավաճանեց Հայաստանին այն առումով, որ Թուրքիային տվեց մեծ տարածքներ, որոնք պատմական Հայաստանն էին, դա եղավ ցեղասպանությունից հետո։ Ռուսաստանը Արեւելքի ժողովուրդների համագումարին, որը տեղի է ունեցել 1920 թվականին Բաքվում, հրավիրեց հենց այն թուրք գործիչներին, ովքեր իրականացրել են Հայոց ցեղասպանությունը։
․․․ Պուտինը բացարձակապես անուղղելի բաներ է անում, և ես շատ եմ վախենում, որ աշխարհը չի ունենա բավարար ուժ, կարեկցանք և համակրանք մեկից ավելի պատերազմի համար։ Այն, ինչ կատարվում է Արցախում, բացարձակապես սարսափելի է»։
0Comments