SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում։
Ժամը 18։25-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ զստային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հհիվանդանոց են մեկնել ոստիկանության, քննչական կոմիտեի խմբերը: Նրանք պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Ալեն Առուշանյանն է։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում Գորիս քաղաքի «Նոր զանգեր» կոչվող տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա․ Առուշանյանի և Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գևորգ Շահնազարյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս կրակոցներ է արձակել ու հրազենային վնասվածքներ պատճառել Ա․ Առուշանյանին։
Ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում Գ․ Շահնազարյանը ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին՝ ներկայացնելով նաև իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի 12 տ/չ ողորկափող որսորդական հրացանը և 1 հատ ձևափոխված փամփուշտ:
Դեպքի վայրում էլ հայտնաբերվում են 5 հատ կրակված փամփուշների պարկուճներ և արնանման հետքեր։
Գ․ Շահնազարյանը ոստիկանության Գորիսի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Ա․ Առուշանյանը Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հորեղբոր՝ Անուշավան Առուշանյանի թոռն է։
0Comments