Երկու Կորեաները հաշիվներ են մաքրում. Հյուսիսայինը կրակ է բացել Հարավայինի նախազգուշական կրակոցներից հետո

Մանրամասներ
ա

Հյուսիսային Կորեան 10 արկ է արձակել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից (ՀԿՌՀ)՝ ի պատասխան Հարավային Կորեայի նախազգուշական կրակոցների։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)՝ հղում կատարելով Կորեական ժողովրդական բանակի գլխավոր շտաբին։

«Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբը հրամայել է 10 կրակոց արձակել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, որպեսզի ստիպի թշնամական նավին նահանջել»,- նշվել է հաղորդագրությունում։

Երկուշաբթի ավելի վաղ տեղեկացվել էր, որ հարավկորեացի զինվորականները մի քանի նախազգուշական կրակոցներ են արձակել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի նավը Դեղին ծովում հատել է երկու երկրների միջեւ ծովային սահմանազատման գիծը։ Կորեայի Հանրապետության Զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի տվյալներով՝ դա տեղի է ունեցել վաղ առավոտյան, Փեննյոնդո կղզուց ոչ հեռու։

Հոկտեմբերի 4-ին Հյուսիսային Կորեան արձակել էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռ, որն անցել էր Ճապոնիայի տարածքի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսում։ Հաջորդ օրը ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության զինվորականները սեփական հրթիռային զորավարժություններ են անցկացրել, «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը վերադարձել է Ճապոնական ծով։ Հոկտեմբերի 6-ին Փհենյանը փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել, իսկ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան եռակողմ ծովային զորավարժանքներ են իրականացրել։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 26-29-ին, «Ռոնալդ Ռեյգանը» մասնակցում էր հարավկորեական ՌԾՈւ-ի հետ զորավարժություններին։