Ուկրաինացիների կողմից ուժեղ հակահարձակումն անակնկալ չէր։ Սակայն ռուսական վերնախավում կույր էին այդ հարցում կամ ձևացնում էին, թե դա չեն տեսնում: Իսկ հասարակությունն այստեղ, որը մեծապես տեսնում էր դրա հնարավորությունը, կույր էր ձեւանում, քանի որ այս հասարակությունը միշտ էլ գտնվել է իշխանության սպառնալիքների ներքո: Այս մասին է ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասում ‘’Բելլինգքեթ’’ անվանումը կրող հետաքննչական լրագրողական կենտրոնի աշխատակից, ռուս հետաքքնող լրագրող Քրիստո Գրոզեւը:
Նրա խոսքերով, ռազմական աճող կորուստների պայմաններում Ռուսաստանում արդեն իսկ լսվում են բողոքի ձայներ: Ու եթե մի օր ռուսները դուրս գան փողոցներ` բողոքելու համար պատերազմի դեմ, ճնշող միջոցներն ավելի թույլ կարող են լինել, քանի որ այդ միջոցներն այժմ գտնվում են ռազմաճակատում: ‘’Խոսքը Ռոսգվարդիայի մասին է, որն այսօր չի կարող ճնշել ժողովրդական շարժումն այնպես, ինչպես անում էր 2001 թվականին’’, ասում է նա:
Ինչ վերաբերում է Պուտինի ներքին շրջանակներին, պետք է ասել, որ միայն մի փոքր շրջանակ էր իսկապես ուզում, որ այս պատերազմը սկսվեր: Սրանց մի մասն այս պատերազմից միլիարդավոր դոլարներ է կուտակում, մյուս մասն այս պատերազմի միջոցով է շարունակում մնալ պաշտոններում: ‘’Կա այդ նեղ շրջանակից դուրս էլի մի շերտ, որոնք պատերազմի նպատակի հետ չունեն գաղափարական ընդհանրություններ: Խոսքը նրանց մասին է, որոնք այս պատերազմի արդյունքում մեծապես են տուժում տնտեսապես եւ կորցնում ճոխ կյանքի մեծ հնարավորությունները: Սրանք են կազմում այն հատվածը, որը կուզենար համոզել Պուտինին հետ քաշեր զորքերը, կամ էլ կփորձեր տապալել նրա իշխանությունը’’, ասում է Քրիստո Գրոզեւը եւ հիշեցնում Պուտինի դիրքերի թուլացման եւս մեկ կարեւոր հանգամանք: ‘’Այն, որ նրա ամենաջերմ աջակիցներից Էրդողանն արդեն հստակ կերպով կանգնում է Ուկրաինայի կողքին: Իսկ Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք մի տեսակ զբաղեցրել էին չեզոք դիրք, այսօր դառնում են Պուտինի քննադատները’’:
Պուտինը սակայն հայտարարում է, թե մոբիլիզացնում է եւս 300 հազար թվակազմով ուժեր: Նա հայտարարում է, թե փորձում է սպառնալ, որ Ռուսաստանը կպատասխանի իր ողջ զինանոցի ուժով, եթե Արևմուտքը շարունակի, իր խոսքերով ասած, «միջուկային շանտաժը»:
Այսօր հաճախ է խոսվում անելանելիության դեպքում Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին: Գրոզեւի կարծիքով, Ռուսաստանի միջուկային զինանոցի մասին մինչ այժմ եղել են ‘’ճոխացված’’ տվյալներ: ‘’Բացի այդ, այն ինչը չի փորձարկվում տարիների ընթացքում, իսկ ռուսական միջուկային զինանոցն անցած տարիներին չի փորձարկվել, կա մեծ հնարավորություն, որ այն չկարողանա հիմա անխափան գործել: Մենք ունենք այդ զինանոցում առկա միջուկային զենքերի թվի մասին տվյալներ: Սակայն որեւէ մեկը, այդ թվում Կրեմլը, չեն կարող ասել, թե դրանցից քանիսն են կիրառելի’’, ասում է նա:
Միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն Պուտինը կզգա պարտության հոտն առնելիս: Այսինքն, երբ արդեն լիովին թուլացած կլինեն նրա դիրքեր: Այդ դեպքում միջուկային զենքերն ակտիվացնելու նրա հրամանը կարող է մնալ անպատասխան: Ռազմական այդ հրամանատարները կհրաժարվեն ենթարկվել Պուտինի հրամանին, երբ հորոզոնում նկատելի լինի միջազգային դատարանի առջեւ կանգնելու հնարավորությունը: ‘’Այնպես որ, միջուկային զենք կիրառելու հնարավորությունը շատ փոքր է’’, ասում է Գրոզեւը:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի արեւելյան գրավյալ հատվածներում հանրաքվե անցկացնելու փաստին, այն նույնպես խոսում է անելանելիության մեջ հայտնվելու Պուտինի ներկա վիճակի մասին:
Այսօր, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում խոսվում է այն մասին, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին չի աջակցում եւ ոչ մի երկիր, այստեղ մասնակի մոբիլիզացիա սկսելու Պուտինի հրամանը եւս մեկ անգամ խոսում է վերջնականապես անկյունում հայտնվելու հնարավորության մասին: Ինչպես հետաքննող լրագրող Քրիստո Գրոզեւն է ասում, մոբիլիզացիա հայտարարելով, Պուտինը պարզապես ուզում է պատասխան տալ իր այն քննադատներին, որոնք իրեն մեղադրում են բանակը վերակազմավորելու գործում ոչինչ չանելու մեջ:
‘’Ռուսաստանն իր բանակում ունի կենդանի ուժի ակնհայտ պակաս: Ձմեռն ուկրաինական հակահարձակումների պայմաններում վերապրելու համար Պուտինին այստեղ անհրաժեշտ է մոտ հավելյալ 100 հազարանոց զորք: ‘’Նա կարող է հավաքագրել, սակայն, տասը հազար, կամ տասնհինգ հազար` բանտերից կալանավորներին ճակատ ուղարկելու միջոցով: Ավելին անել նա չի կարող’’, ասում է Գրոզեւն ու ավելացնում, որ նրանց մի մեծ հատվածը կլինեն նրանք, ովքեր իրենց ձեռքերում նախկինում երբեք չեն բռնել AK-74 տիպի ինքնաձիգ հրացան:
Գրոզեւն ուշադրություն է հրավիրում նաեւ ռուսական բանակում տարածվող դասալքության վրա: ‘’Այն, որ ուկրաինական հակագրոհի ընթացքում ռուսական զորքերը հետ են քաշվել, հետեւում թողնելով թանկ սարքավորումներ, խոսում է այն մասին, որ հետքաշման հրաման չի եղել, այլ եղել է փախուստ, դասալքություն’’, ասում է նա:
Ռուսաստանը 350 միլիոն դոլար է ծախսել Եվրոպայում ռուսամետ տրամադրություններ սերմանելու նպատակով: Հետաքննող լրագրող Գրոզեւի խոսքերով, այդ գումարի մի մասն իհարկե մսխվել է, սակայն Արեւելյան Եվրոպայի ավելի աղքատ երկրներում այն ունեցել է ազդեցություն հասարակ ժողովրդի վրա: ‘’Խոսքը վերաբերում է հիմնականում Հունգարիային: Որոշ չափով դա նկատվել է Բուլղարիայում ու Ռումինիայում ու նույնիսիկ Չեխիայում’’, ասում է նա: Սակայն նույնիսկ ռուսական գազի բացակայության պայմաններում եկող ձմեռը հաղթահարելու դժվարություններն աչքի առջեւ ունենալով, շատերն են, օրինակ Հունաստանում ասում, որ պատրաստ են կրել զրկանքներ, երբ դրա պատճառը պատերազմն է, իսկ նպատակը` այդ պատերազմը դադարեցնելը’’:
0Comments