Շատ դժգոհ ենք, ակնկալիքները, որ կային ՀԱՊԿ-ից չեն արդարացվում։ Շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչ որ նախատեսված է։
Առաջին ալիքի՝ «Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի» ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք դրանից հետևություններ ենք անելու, արդեն անում ենք և արել ենք։ Հիմա էլ ենք սպասում, պատկերացրեք ունենք ատրճանակ, որը չի կրակում, բայց դրանով կարող ենք հարվածել կամ ցույց տալ, որ մեր մոտ ատրճանակ կա։ Այսօր կտրուկ շարժումներ անելու ճիշտ ժամանակը չէ»,- ասել է Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը նաև ընդգծել է, որ ՌԴ-ի հետ ունենք փոխօգնության պայմանագիր և ակնկալում ենք մեր ռուս գործընկերներից շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե հայտարարությունների և կցկտուր, կիսատ խոսքերի մակարդակով։
«Զարմացած եմ և անհամաձայնություն եմ հայտնում, որ իրենց հանրային հեռուստաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ ՀՀ ղեկավարության հասցեին հնչում են սադրիչ հայտարարություններ»,-նշել է ԱԺ նախագահը։
Հաղորդավարի դիտարկմանը, թե Զախարովան հայտարարեց, որ նույնիսկ այս վիճակում շարունակվում են բանակցությունները խաղաղության շուրջ՝ Ալեն Սիմոնյանը հռետորական հարց տվեց Մարիա Զախարովային․ «Ինչու՞ է այս վիճակը, ո՞վ է այս վիճակի չլինելու երաշխավորը։ Եթե Ուկրաինայում վատ վիճակ է, ասեք մեզ, որ գիտեք, հիմա չենք կարողանում։ Բայց իմիտացիա ու մեզ այս վիճակում թողնել։ Մենք էդ ռեսուրսը չունենք, մենք փոքր, 3 միլիոնանոց երկիր ենք, էդ Ռուսաստաննա, որ շատ մեծ տարածքներ ունի, մեր համար ամեն մի մետրը արյան և պատմության ամենաբարձր գինն ունի»։
0Comments