Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Այս մասին տեղեկացնում է Կառավարությունը:
Վարչապետը շնորհավորել է պարոն Դարչիաշվիլիին Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձևաչափերում և դրական մթնոլորտում, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար»: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է՝ այսօր, երբ տարածաշրջանային իրավիճակը բավական լարված է, Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար:
Վրաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ, երկկողմ օրակարգի առաջմղմամբ և ողջունում է դրան միտված նախաձեռնությունները, ծրագրերը: Իլիա Դարչիաշվիլին նաև հավելել է, որ Վրաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ քայլերը:
Զրուցակիցները քննարկեել են հայ-վրացական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին: Այս համատեքստում կարևորվել են տարածաշրջանային երկրների կողմից կայունության պահպանմանը և տնտեսական փոխգործակցության զարգացմանը միտված ջանքերը՝ ի շահ խաղաղ և բարեկեցիկ ապագայի:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հարցերի շուրջ:
Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
0Comments