Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում հաստատեց Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ներկայացնելով նախագիծը նշեց, որ առաջին անգամ ուսուցիչների ատեստավորման արդյունքում դրույքաչափերի փոփոխության գործընթացը իրագործվել է 2021-ին, 7 առարկաների գծով 7-12 դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: Դրա արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կարող էր բարձրանալ 30-50 տոկոս:
«Նույնիսկ այդ 50 տոկոս ավելացման պարագայում, եթե միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա 50 տոկոս ավելացումը եւս չէր ապահովում գրավիչ ու մրցակցային աշխատավարձ ունենալու փաստը: Առաջացավ դրույքաչափի փոփոխության գաղափարը: Մարտին համապատասխան փոփոխություն արվեց օրենքում եւ այժմ առաջարկում ենք հետեւյալը.
Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը դառնում է 200 հազար դրամ եւ բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները եւս կստանան 30-50 տոկոս հավելավճար: տեսականորեն եւ պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչեւ 400 հազար դրամ աշխատավարձ: Այսինքն մեկ դրույքով աշխատող ուսուցչի աշխատավարձը 50 տոկոս հավելավճարի դեպքում կկազմի 300 հազար դրամ եւ մենք ունենք նաեւ տարակարգերի միջոցով աշխատավարձի ավելացման հնարավորություն: Այնտեղ եւս մինչեւ 50 տոկոս կարող է բարձրանալ, եւ այսպիսով աշխատավարձը կարող է դառնալ 400 հազար դրամ»,-ասաց նախարարը:
Նա նկատեց, որ ատեստավորված ուսուցիչը կստանա նվազագույնը 260 հազար դրամ, քանի որ եթե նույնիսկ նա 30 տոկոս հավելավճար տանա, ապա այն կազմում է 260 հազար դրամ:
Նշենք, որ որոշումն ուժի մեջ էմտնում մայիսի 1-ից եւ առաջին բարձր աշխատավարձը կստանան հունիսին:
0Comments