Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի ֆոնին եվրոպական երկրները վերջին 48 ժամվա ընթացքում արտաքսել են ավելի քան 200 ռուս դիվանագետների։ Ի թիվս այլոց, Իտալիան, Իսպանիան և Սլովենիան երեքշաբթի օրը՝ ապրիլի 5-ին, ռուսաստանցի տասնյակ դիվանագետների խնդրել են լքել երկիրը։ Կրեմլը դատապարտել է դիվանագետների արտաքսումը և հայտարարել հակաքայլերի մասին։
Ֆրանսիան և Գերմանիան ապրիլի 4-ին արտաքսել են տասնյակ ռուս դիվանագետների՝ ի պատասխան Բուչայում ռուսական զորքերի ենթադրյալ հանցագործությունների: Գերմանիայի կառավարությունը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 40 դիվանագետի։ Ֆրանսիան 35 ռուս դիվանագետի կոչ է արել լքել երկիրը։
Նման միջոցներ ապրիլի 5-ին ձեռնարկվել են նաև ԵՄ այլ երկրների կողմից։ Իտալիան արտաքսել է 30 ռուս դիվանագետի։ Իսպանիայի ԱԳ նախարար Ալբարեսը հայտարարել է, որ մոտ 25 ռուս դիվանագետներ, որոնց խնդրել են լքել երկիրը, «վտանգ են ներկայացնում իրենց երկրի շահերին»։ Սլովենիան, Էստոնիան, Ռումինիան, Դանիան և Շվեդիան նույնպես կարտաքսեն ՌԴ դեսպանատների աշխատակիցներին, հաղորդել է DW-ն։
0Comments