Ամեն ինչ գցում են խաղաղապահների վրա, մենակ թե՝ իրենք ոչ մի բանով չզբաղվեն. Սեյրան Օհանյան

Մանրամասներ
ա

Ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության պայմաններ այսօր ձևավորված չէ և խաղաղության գնալն առանց նախապայմանների, առանց իրադրության ճիշտ գնահատման՝ անընդունելի է հայկական կողմի համար: Այյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Եթե մեզ թվում է, թե հակառակորդն իր հիմնական նպատակների իրականացմանը հետամուտ չի լինելու, այն է՝ Արցախի հայության հայաթափումը, միանշանակ այդպես չէ, որովհետև ով ճանաչում է թուրքին, պետք է հասկանա, որ գոյություն ունի թուրք-ադրբեջանական այնպիսի խորամանկություն, որ Հայաստանի միամիտ իշխանությունները դա չեն հասկանում», - ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ անընդունելի է, որ այդ ամենը չեն հասկանում Արցախի Հանրապետության իշխանությունները։

Պատգամավորն ասաց, թե հակառակորդն իր հեռահար նպատակներն է իրականացնում. «Նրանք տարբեր մարտավարական քայլերով փորձելու են ռազմավարական կարևոր բարձունքներն ու աշխարհագրական դիրքերը զբաղեցնել, որպեսզի հետագայում այդ հատվածերից Արցախի ժողովրդի վրա ճնշումները կարողանան շարունակական դարձնել։

Այդ առումով, ինձ համար անընդունելի է Հայաստանի իշխանությունների մինչև հիմա ձեռնարկած միջոցառումները։ Գտնում եմ, որ լուրջ համագործոկցություն պետք է իրականացվեր ՀՀ-ի, ՌԴ-ի, վերաբերող մասով Ադրբեջանի Հանրապետության հետ, նաև՝ Արցախում ՊԲ-ի ու խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումների հետ։ Պետք է հստակեցվեին բոլոր խնդիրները, և բոլոր ճեղքերը պետք է փակվեին։ Սա խոսում է այն մասին, որ ՀՀ  և Արցախի իշխանությունները մինչև հիմա չեն գիտակցել, թե ինչպիսի անվտանգային միջավայր գոյություն ունի Հայաստանի և Արցախի շուրջը և ժամանակին որոշումներ չեն ընդունել։ Միանշանակ, այսօր այս իրադրության պատասխանատուները այս իշխանություններն են», - ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով, ԱԺ-ում գործունեություն ծավալելու ընթացքում տեսել են, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ գցում են  ուրիշների վրա, միայն թե իրենք ոչ մի բանով չզբաղվեն. «Ինչու ժամանակին որոշումներ չեն ըդնունել, ինչու սահմանն ամբողջությամ փակ չի: Հիմա այդ ամենը կարող են գցել խաղաղապահի ուժերի վրա, բայց ես տեսնում եմ, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ գցում են ուրիշի վրա, մենակ թե իրենք ոչ մի բանով չզբաղվեն:

Ես ուզում եմ ասել, որ հայկական բանակը, պաշտպանության բանակն ունեն բոլոր հնարավորությունները, կարողությունները արագ որոշումներ ընդունելու,  զինված ուժերն արագ համալրելու և սահմանում նորմալ իրավիճակ ստեղծելու համար։ Դա նշանակում է  կամ նրանցից չեն պահանջում, կամ հստակ հրամաններ ՀՀ իշխանությունների կողմից չեն ստացել»,- ասաց Օհանյանը։