Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների գործարարների և ներդրողների հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Ֆորումի երկրորդ օրը ՀՀ վարչապետը «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ քննարկել է մեր երկրում ընկերության գործունեության ընլդլայնման հնարավորությունները: Արնե Սորենսոնը տեղեկացրել է, որ այժմ քննարկում են Հայաստանում «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն ու արդյունքում նոր հյուրանոցների բացմանն ուղղված հարցեր: Ընկերության նախագահը կարևորել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը միտված կառավարության քայլերը:
«Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո ներդրումների համար ստեղծվել ու բացվել են լավ հնարավորություններ ու պայմաններ:
Կիրիլ Դմիտրիևը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում ընթացիկ ծրագրերի ընթացքն ու հավելել, որ իր գլխավորած հիմնադրամը շարունակելու է Հայաստանում նորանոր նախագծերի կյանքի կոչման քաղաքականությունը:
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ավիացիոն և այլ ոլորտներում նախատեսվող առաջիկա ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում նախատեսվող աշխատանքներին, «Հայփոստ»-ի հետագա կառավարմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:
Նոր ներդրումային ծրագրեր ՀՀ-ում
Նիկոլ Փաշինյանը Դավոսում մի շարք հանդիպումներ է ունեցել
0Comments