Ստարսբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստի առաջին օրը, որտեղ քննարկվել է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների հարցը, մինչ իր ելույթը Միքայել Մելքումյանը կոշտ արձագանքել է ադրբեջանցի պատվիրակներ՝ Սեվինջ Ֆատալիեվայի եւ Ռաֆաել Հուսեյնովի՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ արհամարհական գնահատականներին:
Մելքումյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Անցած տարվա դեկտեմբերի 9-ին մեր հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք անցան ժողովրդավարական` միջազգային նորմերին համապատասխան:
Նոր Ազգային ժողովում ներկայացված են երեք քաղաքական ուժեր: Այդ ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի ունեցան 2018 թ. ապրիլյան քաղաքական հեղափոխությունից հետո, որը վաղուց հասունացել էր եւ ժողովուրդը աջակցում էր դրա իրականացմանը:
Այժմ, երբ ձեւավորվել է նոր պառլամենտը եւ արագ կձեւավորվի նոր կառավարությունը՝ մեր երկրին անհրաժեշտ է տնտեսական եւ տեխնոլոգիական հեղափոխություն:
Այդ թեզն առաջին անգամ հռչակեց մեր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով ոչ միայն դրա մասին հայտարարեց, այլեւ պրակտիկորեն քայլեր է ձեռնարկել Հայաստանի Հանրապետություն մեծածավալ ներդրումների ներգրավման ուղղությամբ:
Այո՛ մեր երկիրը պատրաստ է ներգրավել խոշոր ներդրումներ եւ դրա համար այսօր կատարվում են համապատասխան օրենսդրական եւ վարչարարական աշխատանքներ:
Կարճ ժամկետում կընդունվի նաեւ նոր հարկային օրենսգիրք, չկան արհեստական մենաշնորհներ, դատական համակարգն արդեն ունի որոշակի անկախություն:
Լրջագույն դրական ազդեցություն կունենա ՀՀ-ի համար նաեւ ՀՀ-ԵՄ (CEPA) պայմանագրի գործարկումը, այստեղ քաղաքականին մարդու իրավունքներին, իրավականին զուգահեռ կա նաեւ տնտեսական լուրջ բաղադրիչ, որը թույլ կտա առավել ընդլայնել ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունները, լիարժեք օգտագործել GSP+ համակարգը, որի շրջանակներում դրանք այսօր դեռեւս լիարժեք չի օգտագործվում:
Հարգելի գործընկերներ
Այսօր ցավոք, ինչպես Եվրոպայում, այնպես էլ մեր եւ աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ դեռեւս չի նվազում սոցիալական լարվածությունը, բարձր է աղքատության մակարդակը եւ գործազրկությունը:
Ո՞րն է ամենաարադյունավետ դեղատոմսը դրանք հաղթահարելու համար:
Կարծում եմ ամենաարդունավետը՝ դա ժողովրդի աջակցությունն է եւ քաղաքական կամքը: Մեր երկրում այդ երկու գործոնները կարծես թե առկա են: Այսինքն մենք ունենք շանս՝ հաղթահարելու վերոնշյալ խնդիրները, թե որքան ժամկետում դա հնարավոր կլինի, ցույց կտա կյանքը եւ ժամանակը:
Ուստի, բոլորիս բարի երթ դեպի նոր նվաճումներ»:
0Comments