Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է հաշվետու լինեն խորհրդարանին: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով ընդդիմության այն պահանջներին, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վերածվեն նախարարությունների:
Մակունցի համոզմամբ՝ խորհրդարանն այսօր արդեն ունի այդ լծակները, որպեսզի նրանց կարողանա հաշվետու պահել:
«Եթե փորձում ենք ավելի հաշվետու դարձնել այդ կառույցները, պետք է խմբակցությունների հետ գտնել այդ ձևաչափը», - ասաց նա:
Ըստ նրա՝ հարցը իրենք դեռ չեն քննարկել, բայց իր կարծիքով ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և ունենան քաղաքական ուղղվածություն:
Հարցին` այդ մարմինները վարչապետի, թե՞ կառավարության վերահսկողության տակ պիտի լինեն, Մակունցը պատասխանեց, որ չի կարող հանպատրաստից այդ մասին կարծիք հայտնել:
«Արդեն նշեցի, որ «Իմ քայլ»-ում պաշտոնական քննարկումներ չեն եղել, չեմ ուզում այսպես կարծիք հայտնել այս մասին»,- ասաց նա:
0Comments