Աշխատավայրում՝ շան հետ միասին

Միլանում բանկերից մեկը աշխատակիցներին նման առավելություն է տվել

Միլանում (Իտալիա) Unicredit բանկի բաժիններից մեկը թույլատրել է աշխատակիցներին աշխատանքի ներկայանալ իրենց շների հետ: Եթե «Շունն աշխատավայրում» նախագիծը հաջողվի, այն կիրագործվի նաեւ մնացած բաժիններում:

Բանկի ղեկավարությունը համարում է, որ ընտանի կենդանիների ներկայությունը նվազեցնում է սթրեսն ու բարձրացնում աշխատակիցների տրամադրությունը, ինչպես նաեւ նպաստում է սոցիալականացմանն ու էմպաթիայի ավելացմանը, գրում է «Իտալիա պո-ռուսսկի» պորտալը:

Ցանկացած չափի կենդանիներին թույլատրվում է բերել գրասենյակ, սակայն նրանք պետք է լինեն առնվազն ութ ամսական: Չորքոտանիների համար առանձին սենյակ է կահավորված իր բոլոր հարմարություններով, որում տեղն անհրաժեշտ է ամրագրել նախապես:

Շան հետ աշխատանքի ներկայացող աշխատակիցների համար սահմանված են մի շարք կանոններ. կենդանիները պետք է վզափոկ կրեն, չպետք է մտնեն ճաշարան, բանակցությունների սենյակ եւ զուգարան: Բացի այդ, կենդանիների հետ աշխատակիցների համար նախատեսված են առանձին վերելակներ, որպեսզի նրանք չհանդիպեն շներից վախեցող կամ ալերգիկ մարդկանց հետ: