ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է՝
«Ուրախ եմ, որ ջրի մասին քննարկումներն այսքան հետաքրքրություն առաջացրին։ Քանի որ շատ հարցեր առաջացան, ուստի կարևոր եմ համարում խնդիրն ամփոփելը և մի քանիսին պատասխանելը։
1. Ջրի ռեսուրսները երկիր մոլորակի վրա անփոփոխ են։ Դրանք, որպես կանոն, ոչ ավելանում են, ոչ էլ պակասում։
2. Ջրի դեֆիցիտ կարող է լինել այնքանով, որքանով որ ընթացիկ սպառումը կավելանա։ Այդ դեպքում ջուրն էլի չի պակասի, պարզապես չի կարող հասցնել վերականգնվել (գոլորշացում, տեղումներ, ստորգետնյա կուտակումներ, աղբյուրներ և այլն)։
3. Քաղցրահամ ջրերը երկրագնդի պաշարների 2%-ն են կազմում։ Վերջին շրջանում մի շարք երկրներ (Իսրայել, ԱՄԷ) սովորել են ծովի ջուրը զտել այնպես, որ համենայն դեպս ոռոգման համար նորմալ ջուր են ստանում։ Դրա հաշվին նշված երկրներում կանաչապատման և անտառապատման աշխատանքները թափ են հավաքել։
4. Հայաստանը սակավաջուր երկիր է։ Մեր ջրային պաշարները (տեղումների և գոլորշացման տարբերությունը) 7 մլրդ մ3 են. 2300 մ3 մեկ շնչին։ Հս Ամերիկայում այս թիվը 12500 է, Հվ Ամերիկայում՝ 35523, Աֆրիկայում՝ 4630, Եվրամիայում՝ 4675։ Այլ հավասար պայմաններում Հայաստանը ջրի նետտո-ներմուծող պետք է լինի։ Մի քանի տասնյակ մլն դոլարի հանքային ջրի արտահանումը ոչինչ չի նշանակում։
5. Արդյունահանման ներկայիս տեմպերի պայմաններում (տարեկան 4-5 մլրդ տոննա) 75 տարի հետո նավթ չի լինի։ Իհարկե նոր տեխնոլոգիաների շնորհիվ հարաբերական տնտեսում կլինի, բայց միևնույնն 1-2 հարյուրամյակի ընթացքում այն կվերանա։ Այդ ընթացքում, երկարաժամկետ առումով այն թանկանալու է։
Այսպիսով, հայկական ջուրը երբեք չի կարող մեր տնտեսական աճի հիմքը լինել։ Մի անգամ նման կարծիք եղել է (Խ.Ստամբոլցյան)։ Պետք է խոսել նոր տեխնոլոգիաներից, արհեստական ինտելեկտից, մեր ազգի մրցունակությունը բարձրացնելուց։ Ականջահաճո հեքիաթների վերջը պետք է տալ» ։
0Comments