Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն անցյալում են

Նոր իշխանություններն այս հարցում այլ ուղիով գնացին՝ այլ համաձայնություններ ձեռք բերելով Ադրբեջանի հետ

«Սերգեյ Լավրովի նմանատիպ հայտարարությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ գործընթացում ներկայումս մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում Ադրբեջանը, գործելաոճ փոխել է Ադրբեջանը, ջանքեր է ներդնում Ադրբեջանը այս իշխանության հետ գործընթացը սկսելու ուղղությամբ, և որոշակի փոխըմբռնման պակաս կա Հայաստանի և Ռուսաստանի միջև»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆալգենգաուերը՝ անդրադառնալով հունվարի 16-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին:

Ըստ նրա՝ Ադրբեջանը, որը երկար ժամանակ չէր համաձայնում իրականացնել Վիեննայի օրակարգը, «Դուշանբեում ընդառաջ գնաց» և համաձայնության եկավ ուղիղ կապ հաստատելու առաջարկի շուրջ:

«Սա դիտարկվում է՝ որպես Արբեջանի կողմից արված քայլ: Ադրբեջանն անընդհատ ազդակներ է հղում, որ պատրաստ է կարգավորման և այլն, համապատասխան աշխատանք նաև միջնորդների հետ է տարվում, այդ թվում՝ Ռուսաստանի: Հայաստանն էլ իր հերթին՝ իր շահերը պետք է այս գործընթացում իրացնի»,- ասել է նա:

Ֆալգենգաուերը նաև հայտարարել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումն անցյալում է: Նրա խոսքով՝ ըստ ամենայնի, նոր իշխանություններն այս հարցում այլ ուղիով գնացին՝ այլ համաձայնություններ ձեռք բերելով Ադրբեջանի հետ, խոսքն ուղիղ կապի մասին է կողմերի միջև:

Գնահատելով հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրություններում ներառված ձևակերպումները «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին», ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Սթրոնսկին էլ ասել է, որ դա նոր երևույթ է, և նման ձևակերպմամբ հաղորդագրություններ ինքը չի հիշում կարգավորման բանակցային գործընթացի վերջին տարիների ընթացքում: «Դա էլ հիմք է տալիս նշելու, որ ինչ-որ բան փոխվել է կողմերի մոտ»,- նկատել է նա:

«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» ձևակերպման ներքո կարելի՞ է տեղավորել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝  այս հարցին, Սթրոնսկին պատասխանել է՝ ոչ:

«Իմ կարծիքով՝ այդ պայմանավորվածությունները չեն քննարկվել, քանի որ ըստ էության Դուշանբեում այդ պայմանավորվածություններին փոխարինող որոշում է կայացվել, և դա աշխատում է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը շփման գծում և սահմանին»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում: