Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չի կարող չլինել հակաիրանական և հակահայկական

Վարդան Ոսկանյան․ Մանրամասներ

1

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչո՞ւ զիջումներով անհնար էր և անհնար է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հետ հասնել խաղաղության, պետք է գոնե համառոտ հասկանալ նաև ադրբեջանական ինքնությունը։

Այն թյուրքական ազգայնականության միջոցով պոկվել է համաիրանական շիայական ինքնությունից և հետևաբար, ինչպես ցանկացած աղանդ, որն անջատվելով մայր կրոնից, առաջին հերթին պայքարում է հենց դրա դեմ, ադրբեջանական ինքնությունը չի կարող գոյություն ունենալ առանց հակաիրանականության՝ այն է՝ մայր ինքնության դեմ պայքարի։

Ադրբեջանական ինքնության բյուրեղացման համար չափազանց կարևոր է, այսպես կոչված, անտագոնիստական ինքնության առկայությունը, որը հայկականն է (որովհետև հենց հայերն էին ադրբեջանցիների կետ «կիսում» նույն տարածքը) և որից մշտապես բարդութավորվել է համեմատաբար նորահայտ այդ ինքնությունը։ Վկան՝ 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի ադրբեջանական մտավորականության կարծրատիպերը, որոնցում հայերը կիրթ էին, ադրբեջանցիներն՝ անգրագետ, հայերը կազմակերպված էին, ադրբեջանցիներն՝ անկազմակերպ, հայերը հարուստ էին, ադրբեջանցիներն՝ աղքատ, հայերն առաջադեմ էին, ադրբեջանցիները՝ հետամնաց և այլն։ 

Նույն կերպ և այդ ինքնության վրա խարսխված ադրբեջանական պետականության ծրագիրը, որն, ի դեպ, նախագծվել է համաթյուրքականության հստակ հիմքի վրա և կյանքի կոչվել օսմանյան սվինների միջոցով, ունի երկու հստակ հակավեկտոր՝ հակաիրանականություն և հակահայկանություն՝ ոչ մի դեպքում չենթադրելով առնվազն հզոր իրանական և հայկական պետականությունների գոյություն։ 

Հետևաբար, որևէ պարագայում Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն, ըստ էության, չի կարող չլինել հակաիրանական և հակահայկական, որովհետև այդ երկու «սյուների» վրա է կառուցված թե՛ դրա ինքնությունը և թե՛ պետականությունը։ 

Վարդան Ոսկանյան