Այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս հարցին․ «Գիտեք, որ հունվարի մեկից արդեն հակածխախոտային օրենսդրության առաջին հատվածը մտնում է ուժի մեջ»։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ ներկայացրեց, թե որոնք են օրենսդրության հիմնական դրույթները։ Ըստ նրա՝ այս քայլը ևս կարևոր խթան կհանդիսանա ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և երիտասարդներին առողջ պահելու հանձնառությանը։
«Հայաստանում ընդհանուր առմամբ 16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը ծխում է։ Ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են, և յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխող է։ Մեր քաղաքականությունն ու հանձնառությունն է հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և այս օգտագործման արդյունքում նաև առողջությանը պատճառած վնասների կանխմանը։ 2020 թվականին ընդունվեց Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքը, որը որոշ դրույթներով 2021 թվականից արդեն կյանքի է կոչվել։ Բայց հնարավորություն ու ժամանակ է տրվել տնտեսվարողներին իրենց գործունեությունն այնպես դասավորել, որպեսզի հնարավորինս նվազ վնասներով մենք ունենանք այսօրվա դրույթների կիրառումը։
Այսպիսով, հունվարի մեկից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների»,- ասաց նախարարը։
Ըստ Ավանեսյանի՝ ուժի մեջ է մտնում նույն արտադրատեսակների նաև մակետների և դրանց գովազդային ցուցադրությունը։ «Մենք գիտենք, որ նախկինում կրպակներում շատ տեսանելի վայրերում հստակ կերպով տուփերը, մակետները ցուցադրելու միջոցով ակտիվ գովազդ էր տարվում։ Մեր կարծիքով՝ սա կնպաստի գովազդի ազդեցության շնորհիվ մեր նաև երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման նվազմանը։ Հայաստանում, ցավոք սրտի, սիրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և տղամարդկանց մոտ հիմնականում թոքի քաղցկեղի տարածվածությունը մեզ հուշում է, որ մենք ամեն ինչ պետք է անենք՝ պայքարը հետևողական տանելու համար»,- ասաց Ավանեսյանը։
Օրենքի կատարման վերահսկողությունն իրականացնելու են տեսչական մարմինները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այսինքն՝ եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է տակից վաճառեն: Ընդհանուր առամամբ սա շատ կարևոր է, և ես խնդրում եմ որևէ մեկը չթերագնահատի ծխախոտի նեգատիվ ազդեցությունը մեր հանրային առողջության վրա»։ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն մարտ ամսից արգելվելու է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ տարածքներում, ներառյալ՝ բացօթյա սրճարաններում։
0Comments