Իսկ ով է դա թույլ տալու

Մանրամասներ

1

Հունվարի 1-ից աշխատավարձի, թոշակի, նպաստների բարձրացում, պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելք, 3-րդ եւ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 50 հազար դրամ ամենամսյա վճար, այլ նորամուծություններ։ Երեւանյան գլամուրին ավելի շատ հետաքրքրում է սրճարաններում ու ռեստորաններում քյուառ կոդ պահանջելու հարցը, սակայն ընդդիմադիր փաստաբաններից մեկն ավետեց, որ ոչ ոք իրավունք չունի պահանջել այդ կոդը։

144 միլիարդ Արցախին՝ հոգու մխիթարանք ու ինդուլգենցիա՝ Արցախի քաղաքական իրավունքներից հրաժարվելու դիմաց։ Իսկ մեր արդիականացող բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, նրա խնդիրը մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, թուրքերին, ռուսներին ու ամբողջ աշխարհին հավաստիացրեց վարչապետն իր Ամանորի ուղերձում։

Պատերազմից հետո Հայաստանը հայտնվել է զրոյական կետում, եւ 2022 թվականը պիտի դարձնենք Հայաստանի իրական եւ ռազմավարական վերելքի տարի, ասել է վարչապետն Ամանորի իր ուղերձում։ Բնականաբար, խաղաղ դարաշրջանի հռչակված կուրսով։ Ինչ է դա ենթադրում․ Վարչապետը տարեվերջի իր հայտնի ասուլիսում ու Ամանորի ուղերձում ճանաչեց պատերազմի արդյունքները, հրաժարվեց հայկական իրավունքներից ու պահանջներից, Հայաստանի քաղաքական սուբյեկտությունից ու դերակատարությունից, ընդունելով Մոսկվա-Անկարա համաձայնությունները «սահմանազատման եւ ապաշրջափակման» վերաբերյալ։

Թե ինչպես է առանց կենսական տարածքի, սուվերեն ճանապարհների, պաշտպանված սահմանների լուծվելու «Հայաստանի իրական եւ ռազմավարական վերելքի» խնդիրը՝ լավ թեմա է երեւանյան քաղաքական-քաղաքագիտական-շոուբիզյան գլամուրի համար՝ առանց քյուառ կոդի սրճարաններում ու կլուբներում ժամանակ անցկացնելիս։ Մի թեմա էլ մենք առաջարկենք՝ իսկ ով է դա թույլ տալու։ Թե ինչ է սպասվում «ռազմավարական հեռանկարում»՝ կանդրադառնանք հաջորդիվ։

Սկզբնաղբյուր