Մոսկվայում հայ տաքսիստը կրակել է ուղեւորների վրա

Նա ձերբակալվել է , հարուցվել է քրեական գործ

Մոսկվայի արեւմուտքում օրերս տեղի է ունեցել միջադեպ՝ հայ տաքսիստի եւ նրա ուղեւորների միջեւ:

Երիտասարդ զույգը գիշերը մոտեցել է Կռիլատսկի շրջանի առեւտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսիների կայանատեղուն, որպեսզի տաքսիով հասնեն մի երկու թաղամաս այն կողմ գտնվող իրենց տուն։ Ուղեւորները սկզբում համաձայնեցրել են գինը տաքսու վարորդի հետ, բայց հետո նա մտափոխվել է եւ խնդրել նախապես պայմանավորված չափից ավելի մեծ գումար վճարել:

Արդյունքում, նրանց միջեւ լեզվակռիվ է սկսել, ապա տաքսիստը նստել է մեքենան եւ քշել: Քսան մետր անցնելով՝ մարդը որոշել է վերադառնալ ուղեւորների մոտ:

«Դուրս գալով մեքենայից՝ վարորդը դուրս է բերել տրավմատիկ ատրճանակը եւ կրակ բացել զույգի ուղղությամբ: Նրանք նետվել են փախչելու՝ փորձելով թաքնվել: Բարեբախտաբար, տաքսիստը վրիպել է: Մի քանի վայրկյանից նա վերադարձել է մեքենա եւ հեռացել», - գրում է «Комсомольская правда»-ն:

Ավելի ուշ, մայրաքաղաքային  ոստիկանությունը ձերբակալել է տաքսու վարորդին: Պարզվել է, որ նա մերձմոսկովյան Օդինցովսկի շրջանում ժամանակավորապես գրանցված Հայաստանի 48-ամյա քաղաքացի է: Վարորդն ունեցել էր տրավմատիկ ատրճանակ ունենալու թույլտվություն:

Ներկայումս տաքսու վարորդի նկատմամբ «Խուլիգանություն» հոդվածով հարուցվել է քրեական գործ: