ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր նոյեմբերի 15-ին հանդես էին եկել հայտարարությամբ:
«Կիսում եմ Մինսկի խմբի համանախագահների խորը մտահոգությունը՝ կապված տարածաշրջանում, այդ թվում և Հայաստան-Ադրբեջանին սահմանի միջադեպերի հետ: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց ջանքերին ու կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել էսկալացիան ու քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լինդեն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ ասվում էր. «Համանախագահները խորը մտահոգությամբ են վերաբերվում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Համանախագահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և համաձայնեցված այլ պայմանավորվածությունները հրադադարի մասին։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։
Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների ընթացքում գրանցած առաջընթացի վրա և շարունակել ուղիղ երկխոսությունը՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու նպատակով»։
Անն Լինդեն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի առնչությամբ և հորդորել դադարեցնել էսկալացիան
Մանրամասներ
0Comments