Իրանական Չաբահար նավահանգիստը Հնդկաստանին հետաքրքիր էր երկու ուղղությամբ՝ մի կողմից դեպի Աֆղանստան և Կենտրոնական Ասիա ելքի, իսկ մյուսից Հյուսիսային Եվրոպա հասնելու համար։
Աֆղանստանում թալիբների իշխանության գալով Հնդկաստանի թիվ մեկ ախոյան Պակիստանն, ըստ էության, փակեց Դելիի հեռագնա ծրագրերը Աֆղանստան-Կենտրոնական Ասիա ուղղությամբ, իսկ Ադրբեջանում իր ներգրավվածության մեծացմամբ փաստացիորեն փորձ է կատարում սահմանափակելու հնդկական մանևրի հնարավորությունը դեպի Հյուսիսային Եվրոպա։
Այս առումով հնդկական Հյուսիս-Հարավ մեգածրագրի համար Հայաստանը և հատկապես Սյունիքի մարզը ստացել են բացառիկ նշանակություն, որը հնդկական կողմը հոյակապ հասկանում է և փորձելու է ամեն կերպ օգտվել առկա փաստացի միակ հնարավորությունից՝ ոչ միայն իր աշխարհաքաղաքական ծրագիրը կյանքի կոչելու, այլ նաև Պակիստանին հակահարված հասցնելու առումով։
Վարչապետ Նարենդրա Մոդիի հինդուիստական ազգայնականութուն դավանող կուսակցության համար Իրանի և Հայաստանի միջոցով իրականացվելիք ծրագրերը աֆղանական «պարտությունից» հետո Պակիստանին հակահարված հասցնելու առումով ոչ միայն քաղաքական և տնտեսական կարևորություն ունեն, այլ նաև՝ ոչ պակաս գաղափարական։
Այլ խնդիր է, թե որքանով են Հայաստանում սա ընկալում և ունակ օգտվելու ստեղծվող նոր հնարավորություններից։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
0Comments