Հայաստանը և ամբողջ տարածաշրջանը չափազանց բարդ ու պատասխանատու փուլի մեջ են մտել, ինչը հետևանք է արցախյան 44-օրյա պատերազմի: Մենք արդեն անդրադարձել ենք, որ այս պահին աշխարհաքաղաքական բոլոր կարևոր խաղացողներն արմատական վերադասավորումների մեջ են գտնվում, և նրանց բոլորի շահերը բախվում են հենց մեր տարածաշրջանում: Բոլորի համար կենսական հարցերի հարցը հաղորդակցման ուղիների՝ ճանապարհների վերաձևումն է, ու յուրաքանչյուր պետություն փորձում է այս հարցն առավելագույնս իր շահերի սպասարկման տեսանկյունից կարգավորել:
Այս թոհուբոհում մեծ ու նոր հայտ է ներկայացնում Իրանը՝ դիրքավորվելով արդեն ոչ թե որպես տարածաշրջանային կարևոր պետություն, այլ՝ տարածաշրջանում թելադրող գերտերություն: Դատելով այն բանից, որ Ռուսաստանը ներքին իշխանական պայքարի մեջ է տապակվում, ինչը խանգարում է անձամբ Պուտինին առավել կենտրոնանալ արտաքին հարցերի վրա, կարող ենք եզրակացնել, որ Իրանը կհաջողի ու, իրոք, թելադրող կդառնա՝ թիկունքին ունենալով Չինաստանի անվերապահ աջակցությունը, երկիր, որն առայժմ ստվերից է կառավարում գործընթացները մեր տարածաշրջանում:
Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան-Կրեմլի որոշ շրջանակներ համագործակցությունը, որն անթաքույց է իրականացվում, փորձում է ամեն գնով խափանել Իրանի հավակնությունները. ադրբեջանա-իրանական հակամարտության ֆոնին երեկ իսրայելական բարձրաստիճան պատվիրակություն է այցելել Բաքու. Ալիևին խրախուսում են Իրանի դեմ պայքարում՝ խոստանալով ամեն տեսակ օգնություն:
Իրանի նորանշանակ արտգործնախարարն էլ այս պահին Մոսկվայում է. նա Լավովի հետ փորձելու է շոշափել իրական խորքային տրամադրվածությունների լրջությունը: Լավրովը պրոադրբեջանական գծի կարևոր սպասարկողներից մեկն է Կրեմլում, ով Պուտինից անկախ գործելու քարտ բլանշ ունի իր հովանավոր շրջանակների կողմից: Սա անհանգստացնող իրավիճակ է: Իրանը, ըստ էության, դեմ է հետպատերազմյան պայմանավորվածություններին, ուստի հարցերի լայն շրջանակ կա քննարկելու, քանի որ Իրանի նոր իշխանության քաղաքականությունն ազդում է տարածաշրջանային իրողությունների վրա, որոնք պատերազմից հետո են ձևավորվել և դեռ պետք է ձևավորվեն: Իրանը հասկանում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ուժային գործոնը, ներկայիս զարգացումների տրամաբանության շրջանակում, իր հարևանությամբ շարունակելու է խորանալ և աճել, իսկ դա անմիջականորեն ապահովում է հենց Լավրովը: Անվտանգային միջավայրը, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում շատ լուրջ փոփոխություններ է կրել, հնացած է, իսկ նորը դեռ չի ձևավորվել. այս պահին տարածաշրջանը լիովին նոր իրավիճակում է: Իրանի դեմ Բաքուն գործում է Մոսկվայի որոշ շրջանակների առաջնորդությամբ, և դա Իրանում լավ գիտեն։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խորքային առումով մեծ սպառնալիք էր՝ նպատակաուղղված Իրանին մեկուսացնելու և դրա արդյունքում մասնատելու ծրագրերին։ Հետևաբար Իրանի նոր դիրքավորումը սպասելի էր. Իրանն իր համար սպառնալիքներ է արձանագրում Ադրբեջանի վերահսկողության գոտիներում ու, բնականաբար, որպես կազմակերպված ավանդական պետություն, պետք է համարժեք արձագանք տար:
Մոսկվա այցից առաջ ԻՌՆԱ գործակալությանն Իրանի արտգործնախարար Աբդուլլահիանն ասել է. «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն մոտեցում կցուցաբերի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների, ահաբեկիչների առկայության և տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի գործողությունների նկատմամբ»: Այսպիսով, Իրանը վերահաստատում է Հայաստանի հարավի օկուպացիայի հավանականությունը, ինչի մասին հայտարարել էր նաև Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հեյդարին: Իրանի ԱԳ նախարարի բանակցությունները Մոսկվայում անխուսափելի ազդեցություն են ունենալու այդ երկրի հետագա քայլերի վրա. շատ կարճ ժամանակահատվածում պարզ կդառնա՝ Իրանը մարտահրավերներին դիմակայելու է Կրեմլի հետ համատե՞ղ, թե՞ միայնակ՝ վերջնականապես ստանձնելով առաջատարի կարգավիճակը տարածաշրջանում:
0Comments