Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հարձակողական ռեսուրսը սպառման եզրին էր. ռազմական փորձագետ

Մանրամասներ

Ցավալին այն է, որ նոյեմբերի 9-ի դրությամբ ադրբեջանական կողմի հարձակողական ռեսուրսը գրեթե սպառման եզրին էր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Ալիեւը անկեղծ խոստովանում է: Ինքն իհարկե, փորձում է գունեղ ներկայացնել իրենց բանակի դերն այս պատերազմում, բայց իրենք առաջին օրը չեն ճեղքել մեր պաշտպանությունը: Մոտ մեկ շաբաթ հարավ-արեւելյան ուղղությամբ ռազմաճակատի գիծը եղել է բավական կայուն:

Եթե նոյեմբերի 9-ին այստեղ իշխանափոխություն լիներ եւ մենք մի փոքրիկ աջակցություն ստանայինք դաշնակից Ռուսաստանից եւ բարեկամ Իրանից, ես վստահեցնում եմ, որ պատկերը բոլորովին այլ կլիներ: Ողբերգությունն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն մարտի դաշտում է ստացել տարածքներ, այլ նոյեմբերի 9-ին, երբ Ադրբեջանը շնչահեղձ էր լինում, այդ պահին ստորագրվում է կապիտուլյացիա եւ հանձնվում է տարածք, որը որեւէ հաշվարկով ադրբեջանական բանակը չէր կարող զավթել: Ի վերջո, նույն Ալիեւը խոստովանել է, որ եւս մի քանի շաբաթ, ձմեռ էր մոտենում եւ իրենք խնդիր էին ունենալու Քարվաճառի հատվածում: Քարվաճառը վերցնել անհնարին էր»,-ասաց նա: