Սրա՞ համար է Կարապետյանը շտապ Մոսկվա մեկնել Շոյգուի հրավերով

Մանրամասներ

1

«Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ», ասել է պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը Երեւան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:

Առաջին անգամը չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին նախատում է անգործության մեջ։ «Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ», վճռականորեն ասել է Կարապետյանը:

Միեւնույն ժամանակ, նախարարն ասել է, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարը հրամայել էր կրակ բացել հայկական սահմանի ցանկացած խախտման դեպքում: Կարապետյանը սակայն չի ասել, թե ինչ անել ադրբեջանցի 1000 զինծառայողների հետ, որոնք արդեն գտնվում են Հայաստանի տարածքում:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ռուսական պետական ​​լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարեց, որ ռուսական զորքերը կտեղակայվեն Հայաստանի սահմաններին, որ 102-րդ ռազմակայանը կընդլայնվի մինչև Սյունիք, իսկ բանակը կարդիականացվի ռուսական մոդելով: Այն ժամանակ ամեն ինչ պարզ էր:

Հիմա Կարապետյանը նախատում է ՀԱՊԿ-ին, միևնույն ժամանակ ասում է, որ Հայաստանը (որը սեպտեմբերին ստանձնելու է ՀԱՊԿ-ի նախագահությունը) կկատարելագործի կազմակերպությունը: Ինչի՞ համար։ ՀԱՊԿ-ը մտադիր է փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում ՝ «սահմանելով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ՄԱԿ -ի խաղաղապահ առաքելություններին «համակարգող պետության» միջոցով ներգրավելու կարգը և հնարավորությունը», ասված է Կարապետյանի և Զասի հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ:

Արդյո՞ք սա նշանակում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն Արցախի վերաբերյալ դառնում է անխուսափելի, և Ռուսաստանը փորձում է կանխել ՄԱԿ-ի զորքերի մուտքը տարածաշրջան՝ դրանք Հայաստանի ձեռքով փոխարինելով «ՀԱՊԿ խաղաղապահներով»: Սրա՞ համար է Կարապետյանը շտապ Մոսկվա մեկնել Շոյգուի հրավերով:

Սկզբնաղբյուր