Լեռնային Ղարաբաղի` 44-օրյա պատերազմի արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում ներկայացվել է «Երաժշտական ժառանգությունը և ղարաբաղյան ձիերը Ջըդըրդուզի վրա» երաժշտական կոմպոզիցիան, որը դիտել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու առաջին տիկին Էմինե Էրդողանը:
Ինչպես նշում է haqqin.az-ը, երաժշտական միջոցառումն ուղեկցվել է ղարաբաղյան ձիերի ելույթով, որի շրջանակում Էրդողանին նվիրել են ձի` «Զաֆար» («Հաղթանակ») անունով:
Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը ժամանել է Շուշի, որտեղ նրան դիմավորել են Ալիևները: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են թուրք-ադրբեջանական փաստաթղթեր. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:
«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», - ընդգծել էր Ադրբեջանի ղեկավարը:
Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:
«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել էր նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:
Իլհամ Ալիևն ասել էր, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:
0Comments